ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանը գնդապետի կոչում ստացել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
 
Հարցին, թե ե՞րբ է ստացել կոչումը՝ ԱԱԾ-ից պատասխանեցին, որ հրամանագրի ժամկետը չգիտեն:
 
Նշենք, որ այսօր Քյարամյանին պաշտոնի նշանակելու մասին հայտարարելիս վարչապետը նրան ներկայացրեց որպես գնդապետ, ինչը զարմանք առաջացրեց, քանի որ մինչև այժմ այդ մասին պաշտոնապես չի հայտարարվել։ Ի դեպ, թեև ԱԱԾ պաշտոնական կայքէջում ԱԱԾ տնօրենի բոլոր տեղակալների կոչումները նշված են, սակայն Քյարամյանինը չկա:
 
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արգիշտի Քյարամյանը, մեկ ամսվա ընթացքում սա նրա ստացած երրորդ պաշտոնն է։ Նկատենք, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: