Չինական Ուհան քաղաքում նոր տեսակի վիրուսային հիվանդության՝ նոր կորոնավիրուսի տարածման մասին առաջինը հայտնած և հենց COVID-19-ից մահացած բժիշկ Լի Վենլյանի կինը երեխա է ունեցել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Այդ մասին հայտնի է դարձել բժշկի կնոջ` Ֆու Սյուեցզենի, գրառումից: Նա WeChat սոցիալական կայքի իր օգտահաշվում գրել էր․ «Իմ ամուսին, դրախտում տեսա՞ր դա։ Քո ամենավերջին նվերն ինձ այսօր լույս աշխարհ եկավ»։
Ըստ աղբյուրի փոխանցած տվյալների` մայրը և երեխան առողջ են:
Հիշեցնենք, որ Ուհանի Կենտրոնական հիվանդանոցի բժիշկ Լի Վենլյանը դեռ 2019թ. դեկտեմբերի 30-ին չինական WeChat սոցկայքում իր գործընկերներին պատմել էր ծովամթերքի «Հուանան» շուկայում SARS վարակի 7 նոր դեպքի հաստատման մասին: Լիի հրապարակումը մեծ արագությամբ տարածվել էր սոցիալական ցանցերում, քանի որ մարդիկ վախեցել էին SARS վիրուսի հնարավոր վերադարձից:
Սակայն հաջորդ օրը Լին և 7 այլ բժիշկ հրավիրվել էին Ուհանի ոստիկանություն: Նրանց նախազգուշացրել էին, որ այլևս «կեղծ առցանց հայտարարություններ» չանեն, քանի որ դրանք կարող են խախտել հասարակական կարգը:
Արդեն 2020թ. հունվարի 11-ին Լին Weibo միկրոբլոգի իր էջում գրել էր, որ հազ և բարձր ջերմություն ունի, իսկ ուրբաթ արված իր վերջին հրապարակման մեջ հաղորդել էր, որ իր մոտ հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուս: Հենց կորոնավիրուսն էլ դարձավ նրա մահվան պատճառը:
2020թ. մարտին Ուհանի ոստիկանությունը պաշտոնապես ներողություն խնդրեց բժշկի ընտանիքից, իսկ Հուբեյ նահանգի կառավարությունն ապրիլի սկզբին Լի Վենլյանին հետմահու շնորհել է «նահատակ հերոսի» կոչում:
«Նահատակ հերոսի» կոչումը Կոմունիստական կուսակցության և պետության կողմից իրենց կյանքը պետությանը, հասարակությանը և մարդկանց ծառայելուն նվիրած քաղաքացիներին տրվող բարձրագույն պատվավոր կոչում է։