2018 թվականից հետո Հայաստանի նոր իշխանությունները հայտարարել էին՝ նախկին իշխանությունների իրավական բեսպրեդելի գործիքակազմ հանդիսացած ուժային մարմիններին իրավական և քաղաքական գնահատական հնչեցնելու իրենց պատրաստակամության մասին: Դրանից հետո մի շարք աղմկոտ գործընթացներ սկսվեցին, և մինչ օրս էլ հարցականի տակ են այդ իրադարձությունների պատճառները, օրինակ, թե ինչու  ինքնասպան եղավ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ինչու ինքնասպան եղավ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը, ինչպես ՌԴ-ում Պյատիգորսկ քաղաքում, ինչ-որ շինությունում գազի պայթյունի հետեւանքով մահացավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը։ Բացի վերը նշված և բազմաթիվ հարցեր առաջացնող դեպքերից, որոնք վերաբերվում են նախկին ռեժիմի օրոք ուժային կառույցներում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց, նշենք, որ վերջին երկու տարվա ընթացքում մեղադրանք է առաջադրվել ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին առ այն, որ վերջինս հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:  Բացի այդ, «Մարտի 1»-ի գործով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի եւ հանցագործությունը պարտակելու համար: 

 


Իրավական պատասխանատվության կանչվելու այս տենդենցը ենթադրում է, որ եթե Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, ապա իրավապահ համակարգի այսօրվա ղեկավարությունը վաղը կարող է հայտնվել նույն կարգավիճակում, ինչ օրինակ՝ Լյովա Երանոսյանը, կամ Ալիկ Սարգսյանը: Իսկ առիթների պակաս թերևս չի զգացվի: Վերջին օրերին Հայաստանում ծավալվում են գործընթացներ, որոնք հանրության մոտ երկակի տպավորություն են թողնում: Խոսքը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին է, որոնք իշխանությունները փորձում են ներկայացնել իբրև մաքուր ջրի իրավական գործընթաց: Սակայն, իրավապահ համակարգի ակտիվացումը համընկավ Գագիկ Ծառուկյանի վերջին հրապարակային հայտարարության հետ, որտեղ նա փաստացի պահանջեց գործող կառավարության 100 տոկոսանոց հրաժարականը: Եթե ենթադրենք, որ ԲՀԿ առաջնորդի շուրջ տեղի ունեցող գործընթացներն ունեն քաղաքական կոմպոնենտ, ապա կարելի է կազմել բավական երկար ցանկ, թե ովքեր են հնարավոր իշխանափոխությունից հետո պատասխանատվության ենթարկվելու՝ քաղաքական պատվեր կատարելու համար: 


Դիցուք՝ այսօր ՀՀ դատախազությունը հրապարակեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու եւ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը։ Հասկանալի է, որ այս առումով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդեպ կա որոշակի պրեսինգ,  իսկ մամուլում մինչ միջնորդության հրապարակումը հայտնվել էր տեղեկություն, որ գլխավոր դատախազը չի ցանկանում անձեռնմխելիությունից զրկելու հարցով մտնել ԱԺ՝ այն պարզ պատճառով, որ դրա համար առկա չեն բավարար իրավական հիմքեր: Սակայն, վերջինս, այնուամենայնիվ, տեղի տվեց, իսկ դա նշանակում է, որ իշխանափոխությունից հետո արդեն ոչ թե քաղաքական որոշմամբ, այլ օրենքի ուժով կարող է ենթարկվել պատասխանատվության: Նույն ճակատագրին կարող է արժանանալ ԱԱԾ նորանշանակ պետ Արգիշտի Քյարամյանը, ով բավական «ակտիվ» է սկսել իր պաշտոնավարումը՝ մեկ օրում երեք պաշտոնական հաղորդագրություն և բոլորն էլ առնչվում էին ԲՀԿ ղեկավարին: Եթե Քյարամյանը կատարում է քաղաքական իշխանության պահանջները՝ շեղվելով օրինականության ուղղուց, ապա իշխանափոխությունից հետո նա նույնպես հայտնվելու է օրենքի թիրախում: Ինչպես և իր ղեկավարած ողջ կառույցը՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտով հանդերձ: Հաշվի առնելով, թե որքան ջանասիրաբար էր ոստիկանությունը ցրում երեկվա՝ ի պաշտպանություն ԲՀԿ առաջնորդի ինքնաբուխ հավաքի մասնակիցներին, կարելի է ենթադրել, որ անհամաչափ ուժ կիրառելու հրաման տվողները իշխանափոխությունից հետո նույնպես օրենքի առաջ պատասխան են տալու՝ այդ նույն օրենքի տառի և ոգու պահանջին համապատասխան… 

Այսպես կոչված՝ «նախկինների» դառը փորձը պետք է որ դասի վերածված լիներ ուժային մարմինների ներկայիս ղեկավարների համար և ստիպեր նրանց մնալ միայն և միայն օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով քաղաքական կոմպոնենտն իրավականի տեղ հանրությանը հրամցնելուց...