Տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանի ու Աուրելիուս Վերիգայի առցանց տեսազրույցը, որին մասնակցել են երկու երկրների առողջապահության նախարարությունների պատասխանատուներ, փորձագետներ: Գործընկերները քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես նաև՝ այս շաբաթ Լիտվայից Հայաստան ժամանող բժշկական թիմի այցի հետ կապված աշխատանքային հարցեր։
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի առողջապահության ոլորտի պատասխանատուին՝ Լիտվայի կողմից Հայաստանին կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև մասնագիտական փոխգործակցության համար:
Նախարարը նշել է, որ երկրում ձեռնարկված մեծածավալ միջոցառումների պայմաններում անգամ գրանցվում է կորոնավիրուսային հիվանդացության աճ։ Այդ իսկ պատճառով դիմում ենք մեր գործընկերների օգնությանը: Նա վստահություն է հայտնել, որ Լիտվայից ժամանող բժշկական թիմի փորձն իր մեծ նպաստը կբերի կորոնավիրուսային հիվանդությունը մեր երկրում հաղթահարելու հարցում:
«Այս առաքելությունը մեր երկրների միջև բարեկամության կարևոր արտահայտություն է»,- ասել է Արսեն Թորոսյանը, հավելելով, որ կողմերի միջև նախապես պլանավորված ծրագրերն ու հանդիպումները հետաձգվել են այս իրավիճակով պայմանավորված, սակայն համավարակի ավարտից հետո դրանք կարող են վերսկսվել:
Լիտվայի առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան վերահաստատել է այս իրավիճակում հանդիպումները հետաձգելու անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ ապագայում փոխայցելություն կկատարվի:
Աուրելիուս Վերիգան ներկայացրել է Հայաստան ժամանող բուժաշխատողների կազմը, նրանց փորձառությունը և այն սպասելիքները, որ կարող է ունենալ Հայաստանը: Նախարարը շեշտել է, որ կամավորների թիմն ի սկզբանե զբաղվել է COVID-19-ի բուժմամբ և կարող է նաև կազմակերպչական հարցերով օգտակար լինել:
Ինֆեկցիոն հիվանդությունների գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Նարինա Սարգսյանցը ներկայացրել է մեր երկրում կորոնավիրուսով պայմանավորված վերջին օրերի ցուցանիշները, բուժման մոտեցումները, հոսպիտալացման պայմանները, դեղերի նշանակման գործընթացը, տնային պայմաններում բուժման ընթացակարգը և այլ մանրամասներ: Մասնագետը նշել է, որ այս պահին երկրում գործում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող շուրջ 17 հիվանդանոց' Երևանում և մարզերում:
Աուրելիուս Վերիգան շնորհակալություն է հայտնել տեղեկատվության փոխանակման և փոխադարձ ջանքերի առնչությամբ:
Նշենք, որ Լիտվայից ժամանող մասնագետների թիմը' 8 բուժաշխատող, 3 փորձագետ, Հայաստան կժամանի հունիսի 19-ին: Միաժամանակ, բժշկական սարքեր և ախտորոշիչ թեստեր կնվիրաբերվեն մեր երկրին: