Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Հադրութի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման, իսկ հայտնաբերված օջախներում՝ հակահամաճարակային վերահսկողական միջոցառումները։
Հունիսի 19-ի դրությամբ շրջանում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային վարակի 24 դեպք։ Գրանցված բոլոր դեպքերը միևնույն
օջախից են։
Շրջանում գրանցված դեպքերը հաշվի առնելով և հետագա տարածումը կանխելու նպատակով՝ COVID-19 հաստատված համայնքներում ԱՀ Պարետի որոշմամբ մտցվել են ժամանակավոր սահմանափակումներ։ ԱՀ ԱԻՊԾ Հադրութի ՇԱԻ բաժնի և «Դիզակշին» ՓԲԸ կողմից այդ համայնքներում կատարվել է ախտահանում:
Ախտահանման աշխատանքներ են կատարվում նաև հաստատված օջախներում՝ Համաճարակաբանության և հիգիենայի Հադրութի շրջբաժնի աշխատողների կողմից։
Հունիսի 18-ին աշխատանքային հանդիպում է կազմակերպվել Տողի ենթաշրջանում՝ նշված ենթաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները։
Հանդիպմանը քննարկվել են նոր կորոնավիրուսի կանխարգելման, բերքահավաքի և հակահրդեհային անվտանգության միջոցառումների ընթացքը, ինչպես նաև խմելու ջրի հետ կապված հարցեր։
Խիստ հսկողության տակ են շրջանում կազմակերպվող բոլոր միջոցառումները: