Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քիչ առաջ հրապարակեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։ ԲՀԿ առաջնորդը չի կալանավորվի։
Փաստաբանական խումբը հայտարարեց, որ կծանոթանան որոշմանը, որը բավականին ծավալուն է և մանրամասներն ու հետագա քայլերը կհայտնեն ավելի ուշ։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն էր տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։