Ոչ թե Հայաստանի Առողջապահության նախարարությունն է ի սկզբանե կոչ արել դիմակներ չկրել, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ի սկզբանե ինֆորմացիան եղել է այսպես, որ դիմակ պետք է կրեն հիվանդներն ու նրանց խնամողները, որովհետև դիմակը պաշտպանում է ոչ թե վարակվելուց, այլ վարակելուց։ Հետո փոխվել է որոշակի գիտելիք ու իրավիճակ։ Կար նաև երկրորդ խնդիրը՝ երբ մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, դիմակ կրեք, իսկ խանութներում ու դեղատներում դիմակ չկա։ Այդտեղ հարց չի առաջանո՞ւմ՝ այդ ի՞նչ կոչ է։ Դրա համար պետք էր նաև դիմակների սպառումը զսպել, որպեսզի հիվանդանոցներում գոնե բժիշկները կարողանան դիմակ ունենալ»,- ասաց նա։
Անդրադանալով Հայաստանում թույլ տրված սխալներին՝ վարչապետն ասաց, որ աշխարհում կորոնավիրուսի 10 մլն դեպք է գրանցվել։
«Լավ, Հայաստանի առողջապահության նախարարությունը, ենթադրենք, սխալ հայտարարություն է արել, բա աշխարհի մնացած երկրներում ովքե՞ր են սխալ հայտարարություններ արել։ Եվ համաճարակն այսօր աշխարհում ծավալվում է, ո՞ւմ սխալ հայտարարության կամ չարած գործողության հետևանքով է այդ վարակը տարածվել»,- հարցադրում արեց նա։ Ըստ Փաշինյանի՝ եղել է բանավեճ՝ պետք է գնալ միայն առողջապահական ճանապարհո՞վ, թե՞ նաև տնտեսական գտործոնը պետք է հաշվի առնել։
«Ապրիլին մեր երկրում փակվել է 70 հազար աշխատատեղ։ Եվ մենք այս փաստի հետ պետք է առնչվեինք, ի՞նչ պետք է ասեինք, ասեինք՝ թող մեր երկրում փակվի 300, 400, 500 հազար աշխատատե՞ղ։ Պետք է ասեինք՝ ոչինչ, թող մարդիկ չմահանան կորոնավիրուսից, մահանան սովի՞ց։ Այո, մեր էքստրեմալ գործողությունների արդյունքում մայիսին արդեն 50 հազար աշխատատեղեր վերականգնվել են։ Բայց այդ քաղաքականության արդյունքում էր, որ սկսեցին աճել այդ հիվանդության թվերը։ Բայց ես ուզում եմ ասել, որ այսօր մեր հիմնական խնդիրն այն է, որ բուժօգնության կարիք ունեցող ոչ մի հիվանդ առանց բուժօգնության չմնա, և մեր երկրում առողջապահական հզորությունները շարունակում են ծավալվել»,- նշեց նա։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ վաղը կբացվի Սպիտակի ԲԿ-ն՝ 100 մահճակալով, առաջիկայում նաև կորոնավիրուսով հիվանդների համար 50 մահճակալանոց բաժանմունք կբացվի Մարտունու ԲԿ-ում, շուրջ 60 մահճակալ կծավալվի «Մեդլայն» ԲԿ-ում։
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց այս հարցում դուրս գալ քաղաքական շահարկումներից։