Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությամբ ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Համառուսաստանյան հանրաքվեի վերջին և գլխավոր օրը. ընդդիմության և իշխանության տեսակետը» վերնագրով 3 րոպե տևողությամբ ռեպորտաժին, որտեղ ներառված էր նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեսաուղերձից մի հատված։

 

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերը հայտնի հայաֆոբ Նավալնիին տրամադրելը ոչ այլ ինչ է, քան «թքել քամուն հակառակ», մտածված հակահայկական ակցիա` ուղղված Ռուսաստանի կյանքում հայերի կառուցողական դերը և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կասկածի տակ դնելուն:

Ռուսաստանի հայերի միության «Հայաստանի հանրային հեռուստատեսության հակահանրային և հակահայկական ակնհայտ էությունը» վերնագրով հայտարարությունը տեղադրված է միության պաշտոնական կայքէջում։