Նախորդ շաբաթ օրը սկանդալային հրաժարական է տեղի ունեցել Ռուսաստանի հայերի միությունում: Ռուսաստանի հայերի միության կառավարման խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ով մեծ ներդրում է ունեցել հայոց բանակի հիմնադրման և արցախյան ազատամարտի հաղթանակի գործում, հայտարարել է Արա Աբրահամյանի կազմակերպությունից դուրս գալու մասին: Նորատ Տեր-Գրիգորյանցի հրաժարականի դիմումը հրապարակվել է «Երկրամաս» թերթում:
«Տեղյակ եմ պահում Ձեզ, որ 2013 թվականի դեկտեմբերի 13-ից լքում եմ Ռուսաստանի հայերի միությունը: Նման որոշում կայացնելու պատճառը Ձեր կողմից իմ հասցեին հնչեցված սուտ մեղադրանքներն են»,- Արա Աբրահամյանին ուղղված դիմումում նշել է գեներալ-լեյտենանտը: Նորատ Տեր-Գրիգորյանցը, ըստ դիմումի, ԼՂՀ ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել հայ ուսանողների հետ, որի ընթացքում գեներալի կողմից արված հայտարարությունները դուր չեն եկել Արա Աբրահամյանին: Նորատ Տեր-Գրիգորյանցը հարկ է համարել հիշեցնել, որ ինքը հիշյալ հանդիպմանը ներկա է եղել ամենևին էլ ոչ որպես ՌՀՄ անդամ, այլ որպես զինված ուժերի գեներալ և «Արևմտահայերի ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ: Միաժամանակ գեներալը նշել է, որ Արա Աբրահամյանին մշտապես ինչ-որ մարդիկ ստահոդ տեղեկություններ են զեկուցում, որն առաջացնում է անառողջ մթնոլորտ:
Նշենք, որ գեներալ- լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ով մեծ ներդրում է ունեցել հայոց բանակի հիմնադրման և արցախյան ազատամարտի հաղթանակի գործում, 1992-95 թվականներին եղել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, 1993 թվականին իրականացրել է ՀՀ պաշտպանության նախարարի պարտականությունները, Հայաստանից հեռացել է 95 թվականին: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է մի շարք շքանշաններով և պետական պարգևներով: