Ուկրաինան հետ պահեց Եվրամիությանը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալուց։ Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան անձամբ է նման մտադրություններով մեկնել ԱՄՆ և Եվրոպա։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով խորհրդարանում կատարված աշխատանքի վերաբերյալ զեկույցով։

«Գլխավոր նախաձեռնողներից մեկը, ով պնդել է Եվրոպային և ԱՄՆ-ին, որ Վրաստանը չպետք է ստանա թեկնածուի կարգավիճակ, Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչ պարոն Արախամիան էր»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Նրա խոսքով՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավարը Եվրոպային գրեթե վերջնագիր է ներկայացրել, որ Վրաստանը չպետք է ստանա ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ, քանի որ եթե դա տեղի ունենա, իրենք «շատ կնեղվեն»։

Բացի այդ, Ղարիբաշվիլին մեղադրել է վրացական ընդդիմությանը, որը Արախամիայի օրինակով նման խնդրանքով մեկնել են Բրյուսել։ Նա նշել է, որ նրանցից մեկը «Լելո հանուն Վրաստանի» կուսակցության պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին է։