Նավթի գները հուլիսի 3-ին իջնում են պահանջարկի առումով երկյուղների պատճառով ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի արագ աճի ֆոնին: Միացյալ Նահանգներում COVID-19-ով հիվանդացածների թվաքանակը հուլիսի 2-ին ավելացել է ռեկորդային տեմպերով՝ ավելի քան 50 հազարով, ընդ որում՝ բազմաթիվ նոր դեպքեր են գրանցվել խիտ բնակեցված հարավային նահանգներում, որոնք ԱՄՆ-ում բենզինի հիմնական սպառողներից մեկն են, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում:
Այդ մասին նշում են AxiCorp-ի փորձագետները: Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը ICE Futures լոնդոնյան սակարանում հուլիսի 3-ին Երևանի ժամանակով 09:00-ի դրությամբ բարելի դիմաց կազմել Է 42,71 դոլար, ինչը 0,43 դոլարով (1 տոկոս) էժան է նախորդ նստաշրջանի փակման պահի գնից:
Հուլիսի 2-ի սակարկությունների արդյունքներով՝ այդ պարտավորագրերը թանկացել են 1,11 դոլարով (2,6 տոկոս)՝ բարելի դիմաց մինչև 43,14 դոլար: «Նավթաշուկան առաջվա պես շատ է կախված կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրադրության զարգացումից, ինչպես նաև այն բոլոր գործոններից, որոնք ազդում են պահանջարկի վրա»,-նշում է FXTM-ի վերլուծաբան Լյուքման Օթունուգան: «Նավթի գների աճը զսպվելու է COVID-19-ի ավելացող հիվանդացության պատճառով նոր սահմանափակիչ միջոցներ մտցնելու ռիսկերով»,- փորձագետի խոսքը մեջբերում է MarketWatch-ը՝ հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: