Երեկ՝ հուլիսի 4-ին, ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ բնակիչների՝ այն տևել է մի քանի րոպե ու դրա արդյունքում էլ մի քանի ջերմոցներ տապալվել են: Նույնիսկ կան ջերմոցներ, որոնց հսկայական երկաթե սյուները պտտահողմը հիմքից պոկել ու շպրտել է մոտ 200 մետր հեռու: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Այնքան կարճ տևեց էդ ամենը, մեզ թվաց աշխահի վերջն է:
Ըտենց բան մենակ կինոներում կլներ: Ջերմոցները քոքից պոկեց ու մի քանի մետր շպրտեց: Կան ջերմոցներ էլ, որոնք ուժեղ քամին տապալել է գետնին, պատռելով նաև պաշտպանիչ ցելաֆոնները: Դիմել ենք Արմավիրի մարզպետարան, պատասխանել են, թե՝ երեքշաբթի օրը նոր կժամանեն գյուղ: Ստացվում ա, մենք մինչև երեքշաբթի իրավունք չունենք ձեռք տանք էս ամենին, մինչև մարզպետարանից կբարեհաճեն: Ճիշտն ասած հույսներս միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, եթե, իհարկե, գյուղապետը իրականությունը ներկայացնի մարզպետին, մարզպետն էլ՝ վարչապետին ու էդ դեպքում գուցե կառավարությունը օգնության ձեռք մեկնի»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ շատ գյուղմթերքներ ջերմոցների տապալման պատճառով վնասվել են, իսկ գյուղացին այդ ամենը ստեղծել է բանկերից վարկ վերցնելով ու հիմա չգիտի՝ ինչպես է փակելու այդ վարկերը: Եթե կառավարությունն ու մարզպետարանը բարի կամք դրսևորեն և օգնության ձեռք մեկնեն տուժած գյուղացիներին, ապա նրանք կկարողանան նորից հողի հետ կռիվ տալով՝ վերականգնեն պատճառված վնասը, իսկ վնասը մի քանի միլիոնների է հասնում: Գյուղացիներն ասում էին նաև, որ միակ սփոփանքը նա է, որ մարդկային կորուստներ չունենք: