Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում քաղաքապետ Շահգալդյանը նշեց՝ ավելի վաղ է նկատել, որ վարակվել է և անմիջապես դադարեցրել է շփումները այլ անձանց հետ։ Թեև թեստ չի հանձնել, սակայն 2 օր առաջ հաստատվել է, որ թոքաբորբ է: «Ամսի 3-ից համի ու հոտի զգացումս կորցրել էի, ջերմությունս գնալով բարձրանում էր։ Աննիջապես դիմեցի բժշկի, հետազոտություններ անցա և հիմա տան պայմանններում համապատասխան բուժումներ եմ ստանում, որից հետո նոր թեստավորում կանեն՝ պարզելու՝ դրական է պատասխանը, թե՝ ոչ։ Ես օրը երեք անգամ սիստեմա եմ ընդունում, վիճակս լավ է, կարելի է ասել՝ արդեն սովորական կյանքով եմ ապրում: Համի և հոտի զգացումս վերականգնվել է»,- ասաց Շահգալդյանը՝ ընդգծելով, որ ընտանիքի անդամների մոտ ամեն ինչ լավ է, սակայն ընտանիքի անդամներից ևս մեկուսացած է, ապրում են իրենց տարբեր բնակարաններում։ Քաղաքապետի խոսքով՝ պատկերացում չունի, թե ումից է վարակվել, բայց շփումներ, բնականաբար, ունեցել է բնակիչների հետ, քանի որ դրանք անխուսափելի էին։ Ինչ վերաբերում է քաղաքապետարանի աշխատակիցներին վարակելուն՝ Շահգալդյանն ասաց, որ առաջին իսկ սիմպտոմները զգալուն պես մեկուսացել է և չի կարծում, թե որևէ մեկին վարակել է․ «Շփվել ենք դիմակներով, եթե անգամ վարակվածներ լինեին՝ վերջին 5-6 օրվա ընթացքում իրենց մոտ էլ կարտահայտվեր, սակայն դեռեւս նման բան չկա»,- նշեց քաղաքապետը: Անդրադառնալով Չարենցավան քաղաքում վարակվածության դեպքերին՝ նշեց, որ աճ կա։