Ոչ մի զանգվածային ազատում չի լինելու։ Մեզ իրենց ներուժն անհրաժեշտ է։ Նրանք բանիմաց թիմ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Թիմ»-ի ղեկավար Հայկ Եսայանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Բիլայնի հետ միավորվելուց հետո հնարավո՞ր է Բիլայնի աշխատակիցները կրճատվեն։ 

 
 

«Մենք ընդամենը ասում ենք, որ մարդկային ռեսուրսի կարիք ունենք և վստահ եմ, որ միասին ավելի ուժեղ կարող ենք զարգացնել ոլորտը։ «Թիմ» ընկերությունը կորոնավիրուսի պայմաններում ամենամեծ հարցն է լուծել, որ ստեղծել է հավելյալ աշխատատեղեր։ Մենք ստեղծել ենք մի ընկերություն, որն ունի 400 հոգուց ավել աշխատակազմ։ Երկրում ավելի շատ աշխատատեղ է ստեղծվելու, քան երեկ կար»,-ասաց Եսայանը։

Հարցին, թե հնարավո՞ր է «Յուքոմ»-ից դուրս եկած 500 աշխատակիցները աշխատանքի  անցնեն «Թիմ»-ում և «Բիլայն»-ի աշխատողները մնան դուրս, Եսայանն ասաց․ «Նման քննարկում մենք չենք ունեցել։ Մենք այսօր գնում ենք հակառակ պրոցեսով, ուզում ենք աշխատողներ ներգրավենք և ունենանք ավելի լավ ծառայություններ, թե ինչու է նման անհանգստություն առաջանում ես չեմ հասկանում, գուցե ինչ-որ ուժեր կան, որ մարդկանց ուղղորդում են»։

Դիտարկմանը, թե ի՞նչ ուժերի մասին է խոսքը Եսայանը հրաժարվեց մեկնաբանել։

Հարցին, թե լուրեր են պտտվում, որ «Յուքոմ»-ում օրերս տեղի ունեցած խափանումների ետևում իրենք են կանգնած, Եսայանը պատասխանեց․ «Դա ծիծաղելի է, եթե նման բան է տեղի ունենում և ուզում են մեզ վրա սև կետ շպրտել, ես ուզում եմ ասել, որ մենք ընդհանրապես դրա հետ կապ չունենք, եթե հստակ իմանայինք՝ ով է ասել, դատի կտայինք»։ 

Հիշեցնենք, որ «Բիլայն»-ի աշխատակիցներն այսօր՝ հուլիսի 10-ին, բողոքի ակցիա են իրականացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց:

Պատճառը «Թիմ» ընկերության կողմից «Բիլայնի» գնելն է։

Նշենք, որ «Թիմ» ՍՊԸ հիմնադիրները Եսայան եղբայրներն են, որոնք բաժնետերերի հետ ունեցած խնդիրներից հետո հեռացել էին Ucom ընկերությունից։