Ըստ օդում խախված լուրերի՝ կորոնավիրուսից մահացած յուրաքանչյուր մարդու համար ՀՀ պետական բյուջե է մտնում 18 հազար դոլար: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը՝ խոսելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի և դրանց հետևանքների մասին:

«Չգիտեմ՝ ինչքանով է այս տեղեկությունը ճիշտ, քանի որ այս մասին պաշտոնապես հայտարարություն դեռևս չի եղել: Պահանջում եմ, որ այս տեղեկությունը պաշտոնապես հերքեն կամ հաստատեն», ասել է նա:

Անդրադառնալով վիրուսից մահացածներին՝ հարազատին փակ վիճակում հանձնելու փաստին՝ Սոնա Աղեկյանը նշեց, որ ինքը ևս միանում է այն մտահոգություններին, թե այդ առումով կասկածելի բաներ կան:

Սոնա Աղեկյանին իր ընկերներից մեկը պատմել է, որ վերջինիս հորը հողին հանձնելուց, փոսն իջեցնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ 96-ամյա կնոջ դի է այնտեղ. «Սարսափելի է»,- նշեց Սոնա Աղեկյանը:

«Ես կոչ եմ անում, որ եթե կորոնավիրուսով մահացած հարազատ ունեք, պահանջեք, որ հուղարկավորելուց նրան հնարավորություն ունենաք տեսնել: Որպեսզի հետագայում մղձավանջների մեջ չընկնեք»,- ընդգծեց Աղեկյանը:

Անդրադառնալով դիմակ չկրելու հետևանքով իրեն տուգանելու փաստին՝ Սոնա Աղեկյանը նշեց.

«Առողջապահության նախարարի դերակատարը պետք է տուգանվի, տուգանողը ես եմ լինելու, որ ամեն քայլափոխի ոստիկանն ինձ չկանգնեցնի ու ասի, որ ես դիմակ պետք է կրեմ, այն դեպքում, երբ Փաշինյանն ասել է՝ կորոնավիրուսը պետք է հաղթահարենք տնական օղիով ու պինցետով, ինչո՞ւ պետք է կրեմ դիմակ»: