Հերթը հասավ մայթեզրին կայանած վաճառքի ենթակա ավտոմեքենաներին: Իմքայլական պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը եւ Նարեկ Զեյնալյանը քննարկման են դրել մի նախագիծ, որի ընդունման դեպքում, մայթեզրին կայանած մեքենաների վաճառք և վարձույթ այլևս չի թույլատրվելու, իսկ որոշումը չկատարողները տուգանվելու են 50 հազար դրամի չափով:
Ահա, այս ճանապարհով են մեր ազգընտիրները որոշել բարելավել մայրաքաղաքի երթևեկությունը:
«Վարորդի ընկեր» ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Պեդանյանը նախագիծը արդյունավետ չի համարում, ընդգծում է՝ անհրաժեշտ է նման նախագծերը քննարկել մասնագետների հետ, բացի այդ մանևրելու տեղ միշտ կա. չէ՞ որ գովազդային հայտարարությունները կհեռացնեն մեքենայի վրայից ու կշարունակեն կայանել մայթեզրին:
Պատգամավորները, հավանաբար, մոռացել են, որ հենց իրենց քվեարկությամբ է որոշվել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարել, և հենց այդ որոշման հետևանքով ենթակառուցվածքները չեն աշխատում, մարդիկ փող չունեն, գործը կանգնած է: Այս դեպքում ի՞նչ անեն, ինչպե՞ս վճարեն շուկայի սահմանված գումարը: Այս հարցերը պատասխան են պահանջում:
Արդյոք քաղաքացին տուգանքի մատերիա՞լ է, թե՞ ոչ, դժվար է ասել, սակայն այն, ինչ որոշել են անել իմքայլական պատգամավորները, ընկալելը դյուրին չէ, ինչո՞ւ հատկապես հիմա, երբ ՀՀ-ում տնտեսությունը ազատ անկում է գրանցել:
Արփինե Հակոբյան