«Վեոլիա Ջուր» ընկերությունը մտադիր է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը թանկացնելու հայտով։ Թե կոնկրետ ե՞րբ են հայտը ներկայացնելու, ինչքա՞ն են պատրաստվում թանկացնել և ի՞նչ հիմնավորմամբ՝ ընկերությունը մանրամասներ չի հաղորդում։
 
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ «Վեոլիա Ջուր»-ը պատրաստվում է 1 խմ ջրի դիմաց սակագինը դարձնել 194 դրամ՝ ներկայիս 180 դրամի փոխարեն, երբ ընկերությունը պայմանագիր էր կնքում 10 տարի առաջ, Երևանում միայն ջրի կորուստը գնահատվում էր 80-85%:
 
2015թ-ին այն կարծես հասցվել էր 70-75%, որը միևնույնն է, դարձյալ շատ է:
 
Պատկերացնո՞ւմ եք, այդքան ջուրը որտեղ է կորում, ստացվում է՝ այդ դեպքում Երևանը պետք է ջրի մեջ հեղեղված լինի: Իսկ դա նշանակում է, որ ջրի գողությունները բավական շատ են, և դա ավելի շատ մասնավոր հատվածում է:
 
Փորձագետների մոտ լուրջ կասկածներ կան, որ մեծ ջուր օգտագործողները հանցավոր համաձայնության են գալիս որոշ աշխատակիցների հետ, և շրջանցում են վճարումը, և փոխանակ այդ ուղղությամբ գնան և խնդիրը լուծեն՝ պարբերաբար սակագին են բարձրացնում:
 
Անցած տարիներին ՀԾԿՀ-ն գրեթե միշտ բավարարել է մենաշնորհ ունեցող (գազ, էլեկտրաէներգիա, ջուր վաճառող) ընկերությունների հայտերը, և եթե բավարարի նաև այս անգամ, ապա Հայաստանի բնակիչները մեկ խորանարդ մետր խմելու ջրի համար կվճարեն 194,3 դրամ, ինչը Երևանի պարագայում ամենաբարձր գինն է 1991 թվականից ի վեր:
 
Ուշագրավ է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունն ընդամենը կես տարվա ընթացքում երկրորդ անգամ է առաջարկում մայրաքաղաքում բարձրացնել խմելու ջրի սակագինը: Անցած տարվա դեկտեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց երևանցիների համար խմելու ջուրը թանկացնել մոտ 10 դրամով՝ անցած հունվարի 1-ից այն դարձնելով 180 դրամ 1 խմ-ի դիմաց:Խմելու ջրի թանկացմանն առաջիկայում հաջորդելու է գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը, ինչը լրացուցիչ բեռ է դառնալու Հայաստանի քաղաքացիների համար:
 
ԱՄՆ-ի սանկցիաների ֆոնին Ռուսաստանը բավական լուրջ խնդիր ունի, կապված, մասնավորապես, կենսաթոշակների ինդեքսավորման հետ: Քանի որ նավթի միջազգային շուկայում ինքը դոմինանտ դեր չունի ու համեմատաբար դոմինանտ դեր ունի գազի շուկայում, դա կբերի այն բանին, որ 2018-ին եվրոպական երկրներում, նաև այլ երկրներում, այդ թվում Հայաստանում գազի սակագինը կբարձրանա: Դա շղթայաբար կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի թանկացմանը:
 
Գուցե թանկացումը պատճառաբանեն նաև նրանով, որ նախատեսված ֆինանսական միջոցները, որ պետք է օգտագործեն, ավելի թանկ արժեն, բայց ակնհայտ է, որ համաշխարհային շուկայում ֆինանսական միջոցներն էժան են և դեռևս չեն թանկացել:
 
Հայաստանի արտարժույթի շուկան էլ, որը ևս ազդեցություն է ունենում սակագնի հաշվարկման համար, էական փոփոխության չի ենթարկվել, մնացել է նույնը կամ նույնիսկ դրամն արժևորվել է, որը պետք է հակառակ ազդեցություն ունենար, այսինքն՝ բերեր սակագնի իջեցման:
 
Քաղաքացիները շարունակում են բողոքել, հայտարարելով, որ «Վեոլիա Ջուր» ընկերության` Հայաստանի միակ օպերատորը դառնալուց հետո, որևէ որակական փոփոխություն չի եղել: Հետևաբար, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ի վերջո այդ դիմումը բավարարի, հնարավոր է, որ դա բողոքի նոր ալիքի պատճառ դառնա, այնպես, ինչպես եղավ «Էլեկտրիկ Երևանի» դեպքում: