Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն՝ մայիսի 21-ին և 22-ին Հայաստանում կանխատեսվում են անոմալ շոգեր:
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարզ կանոնները.
1․ խուսափել արևի ուղիղ ճառագայթներից' հատկապես ժամը 12:00-ից 17:00-ն մի մնացեք դրսում,
2․ հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից' կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ,
3․ օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 3 լիտր), հատկապես ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցը ջուրն է: Մեծ քանակությամբ աղերի ու կենսաբանական ակտիվ նյութերի շնորհիվ սառը հանքային ջուրը թարմացնում և անցկացնում է հոգնածությունը: Թանը պարունակում է օրգանական թթուներ, սպիտակուցներ և աղեր, այն ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է: Բնական հյութերից նախապատվությունը տալ լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերին։ Թեյը ևս լավ միջոց է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար, սակայն թեյը պետք է լինի առանց շաքար, ոչ թունդ և ցանկալի է կանաչ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,
4․ ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն,
5․ օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած, այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել,
6․ չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները թե՛ տաք, թե՛ սառը վիճակում,
7․ չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
8․ ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, ծերերը, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,
9․ անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից,
9․ պետք է հետևել, որպեսզի օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,
10․ այն տարածքներում, որտող առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան: