Հայ-ադրբեջանական սահմանագոտու վերջին օրերի լարվածությամբ պայմանավորված՝ շատ են այն մարդիկ, որոնք պատրաստ են կամավորագրվելու և հայրենիքը պաշտպանելու, իսկ թե արդյոք մեր պատգամավորները պատրա՞ստ են անձամբ գնալ սահման և կռիվ տալ թշնամու հետ, փորձեցինք իմանալ հենց նրանցից: Առաջին պատգամավորը, ում կներկայացնենք Սուրեն Գրիգորյանն է: Նա չի ծառայել ՀՀ բանակում՝ կրթություն ստանալու անհագ ցանկության պատճառով, սակայն սահման միշտ պատրաստ է գնալ:

 

ԼՈՒՐԵՐ.com- ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ պատրաստ է ամեն ինչի. «Անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ ցանկացած կարգավիճակի, որով կկարողանամ Հայաստանի շահերին նպաստել, ես ամեն ինչի էլ պատրաստ եմ, բնականաբար»,- ընդգծեց Սուրեն Գրիգորյանը:

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք զինվորական ծառայություն ստացել է պատգամավորը, թե ոչ. «Ոչ, ես բանակում չեմ ծառայել, ես իրավագիտության թեկնածու եմ, և դրա հիմքով տարկետում եմ ստացել»,- ասաց պատգամավորը:

Մեր այն հարցին, թե արդյոք չի ափսոսում պատգամավորը, որ չի ծառայել, պատասխանեց. «Նայած իրավիճակի, եթե ինչ-որ պահի պատերազմական գործողությունների ստիպված լինեի մասնակցել, բնականաբար, էդ պահին կուզեի, որ ծառայած լինեի: Իսկ, ընդհանուր առմամբ, էդ իրավիճակով պայմանավորված, ես որոշել էի կրթությանս ավելի շատ ուշադրություն դարձնել, իհարկե, օրենքով նախատեսված կարգով եմ ազատվել ծառայությունից»,- եզրափակեց իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Սուրեն Գրիգորյանը, մինչև 2013 թվականը, սովորել և ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2015 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2018 թվականին՝ ասպիրանտուրան: Նա իրավագիտության թեկնածու է: