Այսօր՝ հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման Ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան-Անիավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, «Սև հանք» կոչվող վայրում, հացահատիկային «HEBA CK-5M» մակնիշի կոմբայնը մոտ 6 մետր բարձրությունից ընկել է ձորակը և գլխիվայր շրջվելով, հայտնվել քարերի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին փրկարարներն ու քաղաքացիները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութի լվացման աշխատանքներ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Վիրավորը կոմբայնով գարու արտը հնձելիս է եղել, երբ կոմբայնի տեխնիկական անսարքության պատճառով այն գլխիվայր շրջվել է:

 
 
284 | 0