Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թավիշի և «ամենաթողության» մասին» վերնագրով ուղիղ եթեր էր հեռարձակել, որում արծարծվող «թեմաների» վերաբերյալ Փաշինյանը շարունակել է խոսել ապրիլի 20-ին հեռարձակված ուղիղ եթերում, որն ուներ ««Մեծ հիասթափության» մոդելավորումը» խորագիրը։ Այս ուղիղ եթերներում Փաշինյանը խոսել է «թավիշի», պետական ապարատի «հին ու կոռումպացված» կադրերի, «հոխորտացող թափթփուկների», «մաֆիոզի մտածելակերպ» ունեցողների, «սամասուդի», «Սերժի կադրերի», հեղափոխությունից «փայ» չստացածների, «ծախված» լրագրողների, իր հանձնած 3-րդ կորոնավիրուսի թեստի, «օլիգարխների», «կրիմինալների», «կոռուպցիոներների», «արևմտամետ-ռուսամետների» և այլ «խմբավորումների» մասին, որոնք, ըստ Փաշինյանի, հիասթափվել են «հեղափոխությունից»։ Սակայն, փաստենք, որ հիասթափվածների խմբերն այսքանով չեն սահմանափակվում: Մարդիկ հիասթափված են, որ մերժված Սերժ Սարգսյանը դեռ ազատության մեջ է: Ցանկում չներառված խմբերը հիասթափված են, որ հեղափոխությունից երկու տարի անց չի վերականգնվել իշխանության ամենակարևոր ճյուղերից մեկի՝ արդարադատության բնականոն և օրենքի պահանջին համապատասխան աշխատանքը: Հիասթափված են կառավարության վարած քաղաքականությունից, երբ ժողովրդին կերակրելու, թալանը հետ բերելու անվան տակ իշխանության եկած անձինք այսօր ստանում են միլիոնների հասնող պարգևավճարներ, իսկ հեղափոխություն արածները՝ շարքային հպարտ քաղաքացիներն, այսօր կանգնած են առանց գազի և լույսի մնալու սպառնալիքի առջև՝ զրկված լինելով նաև տարրական աջակցությունից: Այս մարդիկ հիասթափված են և չեն էլ թաքցնում այդ հիասթափությունը: Դիցուք, Ֆեյսբուք սոցիալական ցանցում կարելի է շատ հստակ տեսնել հեղափոխությունից առաջ և հետո եղած բաժանումը, որը ամբողջությամբ հիասթափության մի մեծ մոդելավորում է: Դիցուք՝ 


Եկմալյանի բնակիչնեը կրկին ակցիա են անում կառավարության մոտ, քանի որ նրանց բնակարանների հարցը դեռ չի լուծվել: Քաղաքացիների խոսքերով` Հայաստանում իշխանափոխությունից հետո իրենց խնդրի լուծման հարցում որևէ առաջընթաց չկա: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, քաղաքապետարանից «գնդակի նման տշում են» կառավարություն, կառավարությունից՝ քաղաքապետարան: «Վարչապետի ընտրության ժամանակ, երբ պետք է Թավշյա հեղափոխություն լիներ, մենք ընտանիքները թողած, մինչև գիշերվա ժամը մեկը վազել ենք, որպեսզի կարողանանք ընտրել մեր նոր վարչապետին, որպեսզի մեր խնդիրները լուծի, սակայն մինչև հիմա ոչ մի բան չի արել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ ամեն անգամ խաբում են ու որևէ բան չեն անում-սրտնեղած հայտնում են նրանք լրագրողներին:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, ով ոչ միայն աջակցել է Թավշյա հեղափոխությանը, այլ նաև հանդիսանում է վարչապետի երեխաների քավորը, նույնպես սրտնեղում է սպասումներ-իրականությունից: Օրերս նա և իր կրթահամալիրի ուսուցիչները բերման էին ենթարկվել, խնդիրը քաղաքապետարանի հետ էր: Բլեյանը այժմ բողոքում է իշխանությունների վարքից և պահանջում Հայկ Մարությանի հրաժարականը: 

Ապրիլի 28-ին ՀՀ Կառավարության դիմաց մի խումբ երիտասարդներ, խախտելով երկրում արտակարգ դրությամբ հաստատված հավաքների վերաբերյալ սահմանափակումները, բողոքի ակցիա էին կազմակերպել և պահանջում էին միացնել լույսն ու գազը։ Հետաքրքիրն այն է, որ այդ քաղաքացիները, ովքեր 2 տարի առաջ Փաշինյանի կողքին փողոցում պայքարում էին երկրում օրենքի գերակայության հաստատման համար, այսօր օրենք են խախտում և բողոքում իրենց ընտրած վարչապետից՝ ընդհուպ պահանջելով նրա հրաժարականը։ Այդ ցույցի մասնակիցներից Էդգար Բաբայանը, ով իր նորածին դստերը Նիկոլ Փաշինյանի պատվին անվանել է Ռուզաննա Նիկոլ։ Էդգար Բաբայանը, 15 տարուց ավելի Մոսկվայում բնակվելով, հայրենիք է վերադարձել ապրիլ-մայիսյան հայտնի իրադարձությունների ֆոնին։ 2018-ին Բաբայանը նման գրառումներ էր անում:

 

Այսօր՝ ահա այսպիսի: 


Էդգար Բաբայանի հետ Կառավարության շենքի դիմաց էր նաև դերասան Կարեն Մկրտչյանը, ով նույնպես սատարում է Փաշինյանին և ակտիվ է եղել իշխանափոխության օրերին: Կառավարության դիմաց էր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահի որդին՝ Հայկ Բարսեղյանը։ Նրանք նույնպես շատ ակտիվ են եղել իշխանափոխության օրերին և իրենց աջակցությունն են հայտնել Փաշինյանին։ Կառավարության դիմաց էր նաև Միքայել Մարգարյանը։ Վերջինս նույնպես ակտիվ է եղել իշխանափոխության օրերին և անգամ հայտնվել է «հեղափոխական» հարթակին։ 


Իշխանություններից սրտնեղած են նաև գործարարները: Մասնավորապես գործարար Վահան Քերոբյանը, ով հեղափոխության օրերին և դրանից հետո էլ ակտիվորեն սատարում էր Փաշինյանին և նրա թիմին: Սահմանային լարվածության օրերին նա հանդես եկավ գրառմամբ, որտեղ նախկիններին անվանեց բանակը թալանողներ , իսկ իշխանությունների հասցեին հերթական դեֆերեմբները ձոնեց: Սակայն, գործարարը անչափ դժգոհ է մնացել վարչապետի հետ վերջին հանդիպումից, ըստ նրա՝ Փաշինյանը չի էլ ցանկացել լսել գործարարների խնդիրների մասին և միայն մուննաթ է եկել: 


Այս հիասթափության մոդելավորումը տարածվում է ոչ միայն շարքային քաղաքացիների վրա, այն տարածվում է նաև Փաշինյանի թիմակիցների վրա, ովքեր հեղափոխությունից հետո հանձնեցին իրենց կուսակցական անդամատոմսը և հեռացան ՔՊ-ից: Ջերմուկի բնակիչ Տիգրան Մանուկյանը համաձայն չէր իշխանության՝ Ամուլսարի շուրջ որդեգրած քաղաքականությանը: Գեղարքունիքի մարզից Արա Դորվանյանը հայտարարել էր, որ նույնպես դուրս է գալիս կուսակցությունից: Վերջինս իր ֆբ էջում հայտնել էր Քաղաքացիական պայմանագիրը լքելու մասին՝ շատ կոնկրետ պատճառ վկայակոչելով: Այն է՝ «Քանի որ լինելով քրիստոնյա ու ավանդապաշտ անձ, չեմ կիսում լեսբուհի Լարա Ահարոնյանի ներկայությունը կուսակցության շարքերում»: Ըստ նրա՝ «Նիկոլից սկսած՝ Արա Հարությունյանով վերջացրած, ջատագովում են Լարա Ահարոնյանի գաղափարները՝ վտանգելով հայկական արժեհամակարգը»: 


Ինչպես տեսնում ենք, վարչապետն անկեղծ չէ, իրենից հիասթափվածների ցանկն անհամեմատ ավելի երկար է և խոսուն: Հեղափոխությունից այսօր հրաժարվում են դրա իրական իրագործողները՝ շարքային քաղաքացիները, ովքեր սկսում են հասկանալ, որ տնտեսական թռիչքաձև աճը, հետ բերված թալանը, միլիոնավոր ներդրումներն իրենց կյանքի որակի վրա այդպես էլ չեն անդրադարձել…