Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետը որոշել էր անակնկալ մատուցել բոլորին և անսպասելիորեն բարձրացնել քաղաքապետարանի աշխատողների, այդ թվում՝ իր աշխատավարձը։ Բացի այդ, բարձրացվել են նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը: Այսպես՝ թաղապետերը 400 հազարի փոխարեն կստանան 773 հազար դրամ։ Նրանց տեղակալները 346 հազարի փոխարեն՝ 668 հազար։ Ուշագրավ է, թե այդ ո՞ր արժանիքների դիմաց են վարչական շրջանների ղեկավարները որոշել, որ այսուհետ պետք է հարկատուների գրպանից ավելի շատ միջոցներ մտնեն իրենց գրպանները: Բանն այն է, որ ՔՊ-ական երիտասարդ թաղապետերը պաշտոնները ստանալու օրվանից մինչ այս պահը աչքի են ընկնում միայն թերանալով, կամ էլ սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվելով:
Այս առումով, մասնավորապես, աչքի ընկավ Ավան վարչական շրջանի ղեկավարը, ում նշանակման հաջորդ իսկ օրը մամուլը գրեց, որ Արա Դանիելյանը, նույն ինքը՝ Խալ Արոն, մեքենաների «մատորներ» է հավաքում և հոսանքներ կարգավորում: Ասում են՝ երիտասարդը նաև ձեռքի հետ խողովակների գործ է անում: Մի խոսքով՝ կենցաղային լեզվով ասած` «դզող-փչող» էր և կարիերային թռիչք է ապահովել՝ դառնալով վարչական շրջանի ղեկավար: Ի դեպ, Ավանի թաղապետի հետ կապված ևս մեկ սկանդալային պատմություն է ուշագրավ: Սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը քաղաքապետարանի ուշադրությունն էր հրավիրել Ավանի թաղապետարանին կից աշխատող սուրճ պատրաստող ապարատի վրա: Ըստ նրա` թաղապետ Դանիելյանի պաշտոնավարման ընթացքում շենքի մոտ հայտնվել է սուրճ պատրաստող ավտոմատ սարքը, որը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է թաղապետի որդուն, ի դեպ, թաղապետարանի աշխատակիցները տեսագրող սարքի ներքո ստիպված սուրճ են խմում, հաճոյացնելու համար թաղապետին։ Ուշագրավն այն է, որ այդ ահազանգից հետո որոշվեց վերոնշյալ ապարատը ապամոնտաժել:
Ավան վարչական շրջանի ղեկավար կազմից աչքի է ընկել անգամ փոխթաղապետ Ներսես Պողոսյանը: Շատերը կհիշեն վերջինիս՝ Փաշինյանին պաշտպանող ֆեյսբուքյան «սպառնալից» գրառումը, որը լայն քննարկման առիթ հանդիսացավ: Սակայն սույն անձը այդքանով չի սահմանափակվել, նրա գռեհիկ և սպառնալիքով լի գրառումների թիրախում պարբերաբար հայտնվում են գեներալները, անգամ մահացած Մանվել Գրիգորյանը, կանայք: Վերջին դեպքը գրանցվեց հենց երեկ, երբ թավշյա պաշտոնյայի սիրտը Արփինե Հովհաննիսյան էր ուզել, հանրության զայրույթի ալիքից հետո Պողոսյանը ստիպված էր գրառումը ջնջել, սակայն, ներողություն խնդրելու խիզախություն և գուցե նաև տղամարդկություն այդպես էլ չունեցավ:
Մամուլը անդրադարձել էր նաև Արաբկիրի թաղապետարանում տեղի ունեցող զարգացումներին` նշելով, որ այս վարչական շրջանի ղեկավար կառույցում իսկական բունտ է հասունանում, պատճառն էլ՝ անհասավար հիմունքներով դուրս գրված պարգևավճարներն էին:
Աջափնյակի նախկին թաղապետ Գևորգ Բաբայանի դեմ կոռուպցիոն սկանդալից հետո քրեական գործ էր հարուցվել, վերջինս հրաժեշտ էր տվել պաշտոնին, սակայն այդպես էլ չէր կալանավորվել:
Մամուլում լայն քննարկումների առիթ դարձավ այն, որ Շենգավիթի թաղապետը` Ռազմիկ Մկրտչյանը փետրվարի 7-ին թաղապետարան է հրավիրել համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրեններին՝ ժողով անելու պատճառաբանությամբ, և հրահանգել է իրենց հետ բերել սննդամթերքի մուտքի և ելքի գրանցամատյանները։ Այնուհետև Շենգավիթի թաղապետարան են եկել ոստիկաններ և պահանջել, որ տնօրենները իրենց հանձնեն բոլոր գրանցամատյանները, ապա առգրավել դրանք: Դրանից հետո էլ տեղեկություն տարածվեց, որ թաղապետը և իր օգնականը ծեծի են ենթարկել թաղապետարանի աշխատակցին:
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի ղեկավարության տարիներին Մետրոպոլիտենում տեղի են ունեցել մի շարք չարաշահումներ, որոնց մեջ շրջանառվում է նաև Աջափնյակի գործող թաղապետ Թելման Թադևոսյանի ընկերության անունը:
Ինչպես տեսնում ենք՝ Թավշյա հեղափոխության կադրային բանկը անչափ սուղ և աղքատիկ է նաև վարչական շրջանների ղեկավարների մասով, որոնք, սնվելով հարկատուների գրպանից, ջանք անգամ չեն թափել բուռն աշխատանքի իմիտիացիա անելու համար, փոխարենը՝ նրանցից յուրաքանչյուրը պարբերաբար հայտնվել և հայտնվում է տարատեսակ սկանդալների կիզակետում և ինչը զարմանալի է՝ անգամ այդ դեպքերից հետո Հայկ Մարությանը չի փորձում կադրային փոխատեղումների դիմել, գուցե սպառվե՞լ է վերը նշված կադրային բանկը…