Պաշտոնյաների, նրանց տղաների եւ մերձավորների պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու փաստը քննադատվել է եւ՛ նախկին, եւ՛ ներկա իշխանությունների ժամանակ: Հանրությանը քիչ թե շատ հայտնի է, թե պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանցից որոնք են անցել պարտադիր զինվորական ծառայություն, իսկ որոնք՝ ոչ: Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, պարտադիր զինվորական ծառայության մեկնեց Արցախ: Այսպիսով օրվա իշխանությունները փորձեցին ցույց տալ, որ արտոնյալներ չեն լինելու:
Արտոնյալներ չլինելն այդքան էլ իրականությանը չի համապատասխանում: ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկություններ են փոխանցվել, որ մերձիշխանական շրջանակներում կան Նիկոլ Փաշինյանի հետ քայլած անձիք, որոնք պարտադիր զինվորական ծառայության ենթակա են, բայց բանակ չեն մեկնում: Այժմ մենք պաշտոնապես փորձում ենք ճշտել մեզ փոխանցված տեղեկությունը:
Այժմ կներկայացնենք, թե Երեւանի ավագանու անդամներից ովքեր չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն: Ավագանու 13 անդամ բանակում չի ծառայել, մեկը ստացել է տարկետում, իսկ երկուսը, ըստ ՊՆ-ի, անցել են ռազմական ամբիոն, նրանց շնորհվել է բժշկական ծառայության լեյտենանտի կոչում: Պաշտպանության նախարարությունից բանակից ազատվածների հիմքերը չեն տարամադրել՝ համարելով անձնական գաղտնիք:
Բանակում չծառայած ավագանու անդամներից է «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանը: Ավագանու այս անդամը հայտնի դարձավ ոչ թե քաղաքային խնդիրների համար լուծումներ առաջարկելով, այլ, երբ սկեց պայքարել տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար: Հիշեցնենք՝ անցած տարի ԲՈԿ-ը բացահայտեց, որ նրա գիտական աշխատանքում կան արտագրություններ եւ պատշաճ հղումներ չեն տրվել: Այստեղ ուշագրավ է այն, որ Ռուբեն Հայրապետյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել էր գիտնական դառնալու համար, բայց փաստորեն տրված տարկետումը այնքան էլ նպատակին չի օգտագործվել՝ հաշվի առնելով ԲՈԿ-ի հայտարարությունը:
Բանակում չի ծառայել «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, մինչ հեղափոխությունը ԱԺ-ում եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը, երբ նա «Ելք» դաշինքի ղեկավարն էր, իսկ այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանի օգնականն է: Արմեն Գալջյանը կենսագրական տվյալներում, ի թիվս այլ տեղեկությունների, նշել է, որ 2018 թվականի մարտի 31-ին՝ Գյումրու Վարդանանց հրապարակից մեկնարկած «Իմ քայլը» շարժման անդամ է։
Չծառայածների թվում է նաեւ Սերգեյ Ապրեսյանը: Նա մասնագիտությամբ ճարտարագետ է: Նրա մասին համացանցում քիչ տեղեկություններ կան: Աչքի չի ընկել նաեւ նիստերի ժամանակ:
«Իմ քայլից»՝ մասնագիտությամբ օպերատոր եւ լուսանկարիչ Վահե Գեւորգյանը եւս չի ծառայել բանակում: Նա աշխատել է մի շարք հեռուստաընկերություններում, իսկ 2018-ից ավագանու անդամ է:
Պարբերաբար իր հայտարարություններով քննարկումների կենտրոնում հայտնվող Գրիգոր Երիցյանը եւս պարտադիր զինվորական ծառայություն չի անցել: Նա «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահն է:
Զինվորական պարտադիր ծառայություն չանցած ավագանու հաջորդ իշխանական անդամը Լեւոն Հովհաննիսյանն է: Աշխատում է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես բանկի իրացվելիության և արժութային դիրքերի կառավարման բաժնի, Գանձապետարանի գլխավոր մասնագետ:
Ռուբեն Սիմոնյանը նույնպես չի ծառայել բանակում: Նա աշխատում է «Նեյշնլ Ինսթրումենթս Էյ Էմ» ընկերությունում' որպես նախագծերի ղեկավար:
Մեսրոպ Պապիկյանն էլ բանակում չի ծառայել: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: 2017 թվականից՝ Կուսակցության մարդկային ռեսուրսների կառավարիչ: Հետագայում աշխատել է ՔՊ «Վերադարձի» հիմնադրամում՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակի մենեջեր։ Ի դեպ, նա նաեւ վարչապետի խորհրդականն է եղել հասարակական հիմունքներով, բայց կարճ ժամանակ անց ազատվեց պաշտոնից:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը եւս չի ծառայել: Նա 2017 թվականին հիմնել է «ԷՍԻ ԹԵՔ» ՍՊԸ-ն և առ այսօր վերջինիս տնօրենն է:
Կրկին ՔՊ անդամ եւ միաժամանակ ավագանու անդամ Ավետիս Գասպարյանը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն: Նա մասնագիտությամբ ստամատալոգ է, ավագանու նիստերին ոչ այնքան ակտիվ:
Իշխանականներից զատ բանակում չեն ծառայել նաեւ ավագանու ընդդիմադիր անդամները: ԲՀԿ խմբակցությունից բանակում չեն ծառայել Միայել Մանրիկյանն ու Արմեն Ներսիսյանը, իսկ «Լույսից»՝ Դավիթ Խաժակյանը:
Իսկ ահա «Իմ քայլից» Պավել Մազմանյանը եւ Սերգեյ Սարգսյանը պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել, բայց, ըստ ՊՆ-ի, անցել են ռազմական ամբիոն, նրանց շնորհվել է բժշկական ծառայության լեյտենանտի կոչում:
«Իմ քայլից» Էդուարդ Ավետիսյանն էլ, մինչեւ 2020 թվականի ամառային զորակոչը, ստացել է տարկետում: Ի դեպ, նշենք, որ ամառային զորակոչն արդեն մեկնարկել է: 2015 թվականից Էդուարդ Ավետիսյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: 2017 թվականին աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատու: 2017-2018 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ պատգամավոր Լենա Նազարյանի օգնական: 2018 թ.-ից աշխատում է «Mutable» ընկերությունում՝ որպես ծրագրավորող: Մնում է հուսալ, որ Էդուարդ Ավետիսյանը չի անտեսի քաղաքական ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի խոսքը եւ կանցնի զինվորական պարտադիր ծառայությունը: