Դիմորդներն իրենց ոտնահարված իրավունքների համար պայքարում, կարծես թե, միայնակ են: Այս շրջանում հասարակության կողմից բարձրաձայնվեց ոչ միայն այն պատգամավորների, քաղաքական գործիչների, նախարարությունների անունները, որոնք այս կամ այն կերպ կարող էին աջակցել դիմորդներին, այլև հնչեց «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անունը, որը ներկա պահին դիմորդների կողքին չէ:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Ռեստարտ» նախաձեռնության ղեկավար Դավիթ Պետրոսյանի հետ՝ պարզելու իրենց չեզոք դիրքի պատճառը՝ դիմորդների՝ այս թեժ պայքարի ընթացքում:
«ԿԳՄՍՆ նոր չափորոշիչի սկզբունքը հասկանալի ա, որ փոփոխություն ա, ինչի կարիքը մենք ունեցել ենք, այսինքն՝ մասնագիտական կողմնորոշման խնդիր կար, հիմա, նախքան բուհ ընդունվելը, մարդը հստակ կիմանա՝ ինչ մասնագիտություն ա ինքը ընտրում. Էդ առումով դա դրական փոփոխություն ա»,- պարզաբանեց Դավիթը:
Ըստ նրա՝ ԿԳՄՍՆ հավուր պատշաճի իրականցրել է ուսանողների իրազեկումը. «Իրազեկման հետ կապված, ես ոնց հասկացա, և´ դիմում-հայտում, և´ լայվով դրա մասին իրազեկվել ա ուսանողներին: Այլ հարց ա, որ կորոնավիրուսի ժամանակ մի քննություն են հանձնել ու էդ մի քննություննով են ընդունվել համալսարան, իսկ թե որքանով ա էդ փոփոխությունը մեզ հիմա կամ մեկ տարի հետո պետք՝ չեմ կարող ասել»,- նշեց «Ռեստարտի» ղեկավարը:
Դիմորդների պայքարին չմիանալու վերաբերյալ Դավիթ Պետրոսյանը հայտնեց իր դիրքորոշումը. «Մարդիկ, որոնք միացել են էս պրոցեսներին, մենք այդ մարդկանց մերժել ենք 2018 թվականին, հիմա, էդ պրոցեսներին սկզբունքորեն չենք կարա մասնակցենք, էդ ա հիմնական պատճառը»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե որքանով է ճիշտ տեղեկատվությունը, թե «Ռեստարտ»-ին վերևից հրաման է տրվել չխառնվել և չմիջամտել դիմորդների խնդրին, Դավիթ Պետրոսյանը պատասխանեց. «Դա հերթական ապատեղեկատվություն ա, սուտ ա, եթե ինչ- որ մեկը փաստեր ունի դրա վերաբերյալ՝ թող ասի: Եթե կա մեկը, որը կասի, որ 2018 թվականից մինչև հիմա՝ աջից, ձախից, վերևից, ներքևից կարողացել ա ասի, թե Ռեստարտը ինչ ասի կամ անի, ես պատրաստ եմ հարուստությանս կեսը տամ իրան»,- եզրափակեց նա:
Զվարթ Պետրոսյան