ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների ուժեղացված ստուգայցերը շարունակվում են։ Կառույցի տարածած հաղորդագրության համաձայն՝ համավարակի դեմ պայքարով պայմանավորված՝ սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու համար երեկ և այսօր հանրապետությունում կասեցվել է մոտ վեց տասնյակ կազմակերպությունների աշխատանքը: Դրանց թվում է նաև Սևանա լճի ափին գործող «White Shorja» հանգստյան գոտին. դադարեցվել է հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը՝ 14 օրով: Խախտվել են կենդանի կատարմամբ երաժշտության արգելքի, մասսայական միջոցառումներ չկազմակերպելու, աշխատակիցների ու հանգստացողների դիմակ կրելու, դիմակների համար փակ աղբաման ունենալու, սեղանների և անձանց միջև սահմանված համապատասխան հեռավորություն պահպանելու, ջերմաչափման գրանցամատյանները պատշաճ լրացնելու սահմանված պահանջները:
Վերոնշյալ որոշումը առաջացրել է «White Shorja»-ի տնօրինության դժգոհությունը. «Մենք հիմա պարետին նամակ ենք գրում՝ բողոքարկելու այդ ոչ համաչափ տույժի սահմանումը: Անարդարացի որոշում են կայացրել, և ոչ մի կերպ այդ 14 օրը հիմնավորված չի»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «White Shorja» հանգստյան գոտու սեփականատեր Արման Սաղոյանը:
Տնօրենի խոսքերով՝ հիմնավորված չէ, թե ինչու այդ ամենի պատասխանատվությունը հենց իրենք պետք է կրեն. «Եղել է կազմակերպիչ ընկերություն, որը մեզանից տարածք է վարձակալել՝ տուրիստներ ապահովելու համար, մենք էլ միայն սնունդն ենք ապահովել. նմանատիպ պրակտիկա շատ ունենք»,- ասաց Սաղոյանը:
Տնօրենը նշում է՝ իրենց մեղավորությունը միայն այն է, որ համապատասխան վերահսկողություն չեն իրականացրել՝ հակամաճարակային կանոնները պահպանելու համար, պատճառն էլ այն է, որ այդ օրը մարդիկ շատ են եղել, իսկ, ընդհանուր առմամբ, իրենք պահպանում են կանոնները:
«Ոնց հասկանում եմ՝ Հայաստանում ոչ մի նորմալ բան չի աշխատում, պետք է անպայման տաղավարներ լինեն, մարդիկ էլ բերեն խորովածները տեղում անեն»,- եզրափակեց տնօրենը:
Արփինե Հակոբյան