Այսօր մի շարք հասարակական կազմակերպությունների գործընկերներիս հետ կարևոր հարց քննարկեցինք. նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի հիմքով արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության նկատմամբ բացարձակ արգելքը, որ Կառավարության որոշմամբ սահմանված է այս տարվա մարտ ամսից ի վեր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

 

«Արտակարգ դրության ժամանակ ավելի մեծ է պետության իրավական բեռը. յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ և կոնկրետ իրավիճակին համաչափ, այս դեպքում՝ պետք է ծառայի կորոնավիրուսի կանխարգելմանը։

Իրավունքների սահմանափակումների հիմնավորումները չեն կարող լինել այն նույն ծավալի, ինչ արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում: Որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պարտավորությունն առավել հիմնավորելու մարդու իրավունքների սահմանափակումները:

Քննարկման ընթացքում բոլորս արձանագրեցինք, որ հավաքների ազատության նկատմամբ գործող բացարձակ արգելքն անընդունելի է՝ կարևորելով, իհարկե, նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման արդյունավետ գործողությունների իրականացումը։

Մեր դիտարկումը վկայում է, որ հավաքների ազատության բացարձակ արգելքի ապահովումն անիրագործելի և առաջացնում է չհիմնավորված տարբերակված իրավիճակներ՝ բարդություններ առաջացնելով թե՛ մարդկանց, թե՛ Ոստիկանության համար:

Քննարկման արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն պետական մարմիններին՝ ըստ իրավասության:

Շնորհակալություն քաղաքացիական հասարակության գործընկերներիս կարևոր մասնակցության ու արդիական թեմայով արդյունավետ քննարկումների համար»,- գրել է Թաթոյանը։