COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով փոքրիկ երեխաների մոտ գենետիկ նյութի խտությունը 10-100 անգամ ավելի մեծ է, քան ավելի մեծ երեխաների և մեծահասակների մոտ: Սա նշանակում է, որ նրանք կարող են կորոնավիրուսն անգամ ավելի շատ տարածել, քան մեծահասակները, պարզել են Չիկագոյից մասնագետները: Ավելին՝ կարծիք կա, որ մանկապարտեզների և դպրոցների բացումը կարող է հիվանդացության նոր ալիք առաջացնել:

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են հինգշաբթի JAMA Pediatrics ամսագրում, անցակցվել են Չիկագոյի Անն և Ռոբերտ Հ.Լուրյեի անվան մանկական հիվանդանոցում (Ann & Robert H. Lurie Children’s Hospital), հայտնում է Medportal.ru-ն: Ախտանիշները հայտնվելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հաստատված COVID-19-ի թեթև և չափավոր ձևերով 145 մեծահասակների ու երեխաների քթից քսուք են վերցրել: Պացիենտներին ըստ տարիքի բաժանել են 3 խմբի՝ 5 տարեկանից փոքր 46 երեխա, 5-ից մինչև 17 տարեկան 51 երեխա և 18-65 տարեկան 48 մեծահասակ:

Նմուշները հետազոտել են լաբորատորիայում, և պարզվել է, որ ամենակրտսեր տարիքային խմբում վերին շնչառական ուղիներում SARS-CoV-2-ի գենետիկ նյութի մակարդակը 10-100 անգամ ավելի բարձր է եղել, քան ավելի ավագ տարիքի երեխաների ու մեծահասակների մոտ: Սա կարող է նշանակել, որ փոքրիկ երեխաների մոտ վիրուսային ծանրաբեռնվածությունն ավելի բարձր է, ուստի նրանք կարող են ինֆեկցիան ավելի շատ տարածել, քան մյուս պացիենտները:

Ներկայումս հայտնի է, որ երեխաները հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով և հիմնականում թեթև են տանում, անգամ առանց ախտանիշների, սակայն մինչև հիմա անչափ քիչ տվյալներ կան այն մասին, թե նրանք ինչպես են ինֆեկցիան տարածում միմյանց միջև և մեծահասակների շրջանում: Տարբեր երկրներից ստացվող տեղեկությունները շատ հակասական են: Այսպես՝ Շվեյցարիայում գիտնականները հետևել են COVID-19 ախտորոշմամբ բոլոր փոքրիկ պացիենտների շփումներին, որոնք հոսպիտալացվել են Ժնևի հիվանդանոցում: Հետազոտողները պնդում են, որ երեխաները կորոնավիրուսի ենթադրյալ տարածողներ են եղել 39 դեպքից երեքում:

Հարավային Կորեայում հետազոտողներն ուսումնասիրել են մոտ 5700 պացիենտների շփումները և պարզել, որ կրտսեր տարիքի երեխաները 10 տարեկան և մեծ երեխաների համեմատությամբ հազվադեպ են դառնում վարակման աղբյուր:

med.news.am