Տարոնը չկարողացավ, Հայկը կարողացավ. Հայկ, ՍԻՐՈՒՆ ՉԻ՛․ Երևանի քաղաքապետի ապտակը երևանցիներիս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը եւ տեսանյութ հրապարակել, որում ներկայացնում է Մաշտոցի պուրակում տիրող իրավիճակը:

 

«Ես նկարներից տեսել էի, որ կտրել են, փաստորեն նաեւ մեջի բոլոր ծառերն են կտրել, որոնք կատեգորիկ արգելված են: Մասնագետները, որ ասում էին, թող գան, նայեն Երեւանի սիմվոլ սոսին ինչ վիճակում է, փաստորեն կչորացնեն, այստեղ կատարյալ խայտառակություն է: Մի ծառ կար, որ այնպես էին վնասել, խնդրեցինք կտրել, մնացածը համաձայնեցինք , որպես չարյաց փոքրագույն: Բայց կարող ենք ասել, որ Մաշտոցի պուրակի այգու կեսը քաղաքապետի գրչի մեկ հարվածով ուղղակի ոչնչացվեց»,-ասաց նա:

Արմեն Բեգոյանը հիշեցրեց,որ Մաշտոցի պուրակը այն այգին է, որտեղ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք ցանկանում էին կրպակներ եւ տաղավարներ կառուցեին, եւ բողոքի ակցիաներին էլ Հայկ Մարությանն էր մասնակցում:

«Խնդրեմ,այստեղ կորուստներն ուղղակի անդառնալի են: Ծառ պարտավոր են տնկել, բայց ոչ թե ոչնչացնել 50 տարվա եղածը»,- հավելեց նա: