2020 թ. օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչը իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014 թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել  կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել  «Արաբկիր» բժշկական կենտրոն:

 
Բացի դրանից՝ 57-ամյա տղամարդը 2020 թ. օգոստոսի 14-ին, օգոստոսի   16-ին և դեռևս քննությամբ չպարզված ժամանակահատվածում, նույն պատրվակով պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 2 անչափահաս  թոռների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Քրեական գործով 3 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

57-ամյա տղամարդը ձերբակալվել է և հարցաքննվել:

Նախաքննությունը շարունակվում է: