ՀՀ քաղաքացի, Ադրբեջանական կողմում հայտնված Մամիկոն Խոջոյանին գերի լինելու ընթացքում ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթներով դրդված մի խումբ անհայտ անձանց կողմից, առանձին դաժանությամբ, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ, 2014թ. մարտի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 6-րդ և 12-րդ կետերով, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:

 

Ինչպես տեղեկացրին Գլխավոր դատախազությունից, քրեական գործով նախաքննության ընթացքում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, Ադրբեջանի Հանրապետությունում դատավարական գործողությունների կատարման և իրավական օգնության անհրաժեշտության դեպքում, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բացակայում են դիվանագիտական հարաբերություններ, ՀՀ գլխավոր դատախազությունը, «Քրեական գործերով վարույթների փոխանցման մասին» 15.05.1972թ., «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 20.04.1959թ. եվրոպական կոնվենցիաների, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» 1993 թ. հունվարի 22-ի Մինսկի Կոնվենցիայի և միջազգային այլ պայմանագրերի շրջանակներում, հանդես կգա համապատասխան միջնորդություններով:
Նկատի ունենալով Մամիկոն Խոջոյանի դեպքի հասարակական նշանակությունը, սույն քրեական գործով տեղեկատվության ստուգված և համակողմանի տրամադրման կարևորությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը, անհրաժեշտության դեպքում կիրազեկի հանրությանը և միջազգային կազմակերպություններին:
2014թ. հունվարի 28-ին, ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքի տեղանքում չկողմնորոշվելու և Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու ու Ադրբեջանի Հանրապետության տարածք անցնելով, գերեվարվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից, և գերության մեջ մնացել մինչև սույն թվականի մարտի 4-ը: