Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ժամը 16:30-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում գտնվող Ծովինար ջրամբարի մոտից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի, որը, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանները պարզել են, որ երեխան Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 10-ամյա Կարինե Հ.-ն էր: Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հայրը եկել է Ծովինար ջրամբար ձուկ որսալու և իր հետ է բերել երեխային, մի պահ աղջիկը անհայտացել է հոր տեսադաշտից և հայրը, փնտրելով նրան, գտել է ջրում ու ինքնուրույն դուրս բերել, որից հետո ահազանգել է շտապօգնություն:
Ժամանած բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց: Ցավոք, երեխան ճանապարհին մահացել է: