Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ պարզել է այսօր՝ հունիսի 17-ին, Սևանա լճի «Ջրահարս» լողափից Սևանի ջրափրկարարների կողմից դուրս բերված ջրահեղձ եղած երիտասարդ տղայի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևան քաղաքի Հաղթանակի 5-րդ փողոցի բնակիչ, 21-ամյա Արամ Խուրշուդյան էր։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրա հետ են եղել նաև ընկերները, և Սևանի ոստիկանները մեծ դժվարությամբ են կարողացել պարզել մահացածի ինքնությունը, քանի որ ընկերները շոկի մեջ էին կատարվածից։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի։