Shamshyan.com. Ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է այսօր՝ մայիսի 28-ին, Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Opel Astra» մակնիշի՝ 23 DD 414 համարանիշի ավտոմեքենան վարել է Լոռու մարզի Սարատովկա գյուղի բնակիչ 54-ամյա Նորիկ Դավոյանը, իսկ նրա ավտոմեքենայի ուղևոր, նույն մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ 54-ամյա Սլավիկ Սուքիասյանը տեղում մահացել էր: Իսկ «Opel Vectra» մակնիշի՝ 08 SS 864 համարանիշի ավտոմեքենան վարել է Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ 34-ամյա Վահագն Հովսեփյանը, իսկ նրա ավտոմեքենայում գտնվող ուղևորներ Լեռնահովիտ գյուղի բնակիչներ 1. 30-ամյա Սուսաննա Նարգիզյանը, 2. 60-ամյա Անախաս Հովսեփյանը, 3. 36-ամյա Արևիկ Հովսեփյանը, 4. 9-ամյա Օլյա Հովսեփյանը, 5. 4-ամյա Դիաննա Հովսեփյանը, 6. 4-ամյա Արգամ Հովսեփյանը, 7. 8-ամյա Արման Պողոսյանը և 8. 72-ամյա Հակոբ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Պողոսյանն ու Հ. Հովսեփյանը մահացել են: Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի Քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանի հանձնարարականով՝ Տաշիրի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Երևան-Տաշիր ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել էին «Opel Astra» մակնիշի 23 DD 414 և «Opel Vectra» մակնիշի 08 ՏՏ 864 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի հետևանքով մահացել են երկու հոգի. մեկ հոգի՝ տեղում, մեկ հոգի էլ՝ հիվանդանոցում, իսկ 8 հոգի, որոնցից 5-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն: Վթարի վայր էր ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, նույն վաշտի հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Տաշիրի ոստիկանապետ Մոսի Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել էին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Տաշիրի քննչական բաժանմունքի քննչական խումբը՝ քննիչ Կամո Գրիգորյանի գլխավորությամբ: Վ. Նարգիզյանի հանձնարարականով՝ վթարի վայր ժամանեցին նաև ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Լոռու մարզի հրշեջ-փրկարարական վարչության և Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, քանի որ կար վտանգ, որ հնարավոր էր՝ ավտոմեքենաներից գազի կամ դիզ. վառելիքի արտահոսք առաջանար: