Մինսկի կենտրոնում ձերբակալվել է շուրջ 20 լրագրող: Այս մասին հայտնում են թելեգրամ ալիքները և ԶԼՄ-ները: Նախնական տվյալներով՝ լրագրողներին հրել են դեպի ավտոզակեր՝ հավատարմագրերն ստուգելու պատրվակով, ինչից հետո առանց պետհամարանիշերի կապույտ միկրոավտոբուսը նրանց տարել է անհայտ ուղղությամբ: Ըստ TUT.by-ի՝ լրագրողներին տանում են Օկտյաբրսկի ոստիկանության բաժին: Հայտնի է, որ ձերբակալվածների մեջ են TASS-ի, TUT.by-ի, «Ազատություն ռադիոկայան»-ի բելառուսական ծառայության, Nasha Niva-ի, BelaPAN-ի, BELSAT-ի թղթակիցներ, օպերատորներ ու ֆոտոլրագրողներ:

Նրանք բոլորն էլ գտնվել են Անկախության հրապարակում, որտեղ հերթական անգամ ընդդիմությունը ցույց է անցկացնում՝ պահանջելով չեղարկել խախտումներով անցած ընտրությունների արդյունքները: