Մինսկում, հինգշաբթի երեկոյան, Անկախության հրապարակում, Բելառուսի իրավապահները բերման են ենթարկել շուրջ 20 լրագրողների, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների: Ըստ TUT.BY-ի, բերման են ենթարկվել այս պարբերականի թղթակիցներ Ստանիսլավ Շարշուկովը և Վադիմ Զամիրովսկին, ինչպես նաև Վլադիմիր Գրիդինը («Ազատություն» ռադիոկայան), Վասիլի Ֆեդոսենկոն («Reuters»), լուսանկարիչ Ալեքսանդր Վասյուկովիչը, Նադեժդա Բուժանը («Նաշա Նիվա»), Դիմա Լովեցկին (AP), Զախար Շչերբակովը և Սերգեյ Սացյուկը (BelaPAN), Եկատերինա Անդրեևան և Մաքսիմ Կալիտովսկին («Բելսատ»), Վլադիմիր Կոստինը (Reuters), Սերգեյ Բոբիլյովը (ՏԱՍՍ), Եվգենի Օդինոկովը («ՌԻԱ Նովոստի»), Պավել Մարտինչիկը (բելառուսական «Կոմսոմոլսկայա պրավդա»), լուսանկարիչ Եվգենի Երչակը, Սթիվ Ռոզենբերգը (BBC):
Նրանք բոլորը տեղափոխվել են ոստիկանություն՝ անձը հաստատելու համար, հաղորդել է Մինսկ քաղաքի գործադիր կոմիտեի ներքին գործերի գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գանուսևիչը:
«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը հաղորդել է նաև Անկախության հրապարակում ցուցարարների ձերբակալությունների մասին: Հրապարակը շրջափակված է ոստիկանության հատուկջոկատայինների կողմից: Իրավապաշտպանների տվյալներով, ավելի քան 70 մարդ է բերման ենթարկվել: