«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 14-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանին զուգահեռ իրենց աշխատանքներն են սկսում նաեւ մշտական հանձնաժողովները եւ քննարկելու են հարցեր, որոնք պետք է ընդգրկվեն արդեն հիմնական նստաշրջանում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 3-ին տեղի է ունենալու ԱԺ պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվելու է բազմաչարչար «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Այստեղ ուշագրավ է, որ նախագծերի փաթեթը կառավարության կողմից անհետաձգելի էր համարվել դեռ հուլիսի 9-ին, երբ ընդունվել էր կառավարության կողմից: Սակայն խորհրդարանն անհետաձգելի համարված նախագիծն այդպես էլ չընդունվեց:
Նախ' նկատենք, որ այդ նախագծով առաջարկվում է սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը, իսկ հրամանները կամ հանձնարարականները չկատարելն առաջացնելու է տուգանքի նշանակում՝ 300-500 հազար դրամի չափով:
Եվ ահա, այդ ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է արել եւ բուռն քննարկել նախագիծը եւ արդյունքում որոշում է կայացվել այս փուլում չքննարկել նախագիծը՝ այն թողնելով արդեն հերթական նստաշրջանում քննարկման սեպտեմբերին: Եվ ահա, այդ աղմկահարույց նախագիծն արդեն նոր նստաշրջանի օրակարգում է, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այժմ էլ խմբակցության ներսում միակարծիք չեն նախագծի շուրջ եւ չի բացառվում, որ դեմ քվեարկողներ եւս շատ լինեն:
Հավելենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի մասնակցի հանձնաժողովում եւ լիագումար նիստում այդ հարցով քննարկումներին, քանի որ նա օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 18-ը լինելու է արձակուրդում եւ նրան փոխարինելու է Անահիտ Ավանեսյանը, որն էլ լինելու է հիմնական զեկուցողը:
Հավելենք, որ օգոստոսի 4-իննախագծերի փաթեթը փորձաքննություն է անցել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում եւ արձանագրվել են խնդիրներ, եւ բացթողումներ, որոնք պետք է լուծվեն»: