«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Սամվել Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 314 հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնական դիրքի չարաշահում և պաշտոնական կեղծիքի դրդչություն։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Սամվել Մկրտչյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր ժամը 15։00-ին ՀՔԾ հրավիրվելու պատճառներին։
Նա նշեց, որ Սամվել Մկրտչյանը ցուցմունք չի տվել և որևէ գործողության չի մասնակցել․ «Եթե անձը որևէ հանցագործություն չի կատարել, հետևաբար՝ չի կարող ընդունել առաջադրված մեղադրանքը: Մեղադրանքն առաջադրվել է դատավարական կարգի կոպիտ խախտմամբ։ Համապատասխան միջնորդություն է ներկայացվել քննիչին՝ մեղադրանքի պարզաբանման վերաբերյալ, ինչը չի կատարվել և առանց մեղադրանքի պարզաբանման մեղադրանք է առաջադրվել անձին։ Հետևաբար, նա դատավարական կարգով մեղադրյալի կարգավիճակում չի գտնվում»,- ասաց փաստաբանը։
Թե ինչ կապ ունի Սամվել Մկրտչյանի ձերբակալությունը Վահագն Աբգարյանին՝ հայտնի որպես «Ալավերդցի Վահանգն», «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծեծի ենթարկելու և քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հետ․ «18։00-ին մեր միջնորդության քննարկումն է, որից հետո փակագծերը բացած ինֆորմացիա կտրամադրենք։ Ենթադրում եմ, որ սա ընդամենը երևույթի դեմ պայքարի պատրանք ստեղծելու գործողություն է»,- նշեց Վահան Հովհաննիսյանը։