ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ով կալանավորված էր «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այս մասին 24News-ին ասաց Գալստյանի փաստաբան Անդրանիկ Մանուկյանը։
Փաստաբանն ասաց, որ Գալստյանը բժիշկների հսկողության տակ ստացիոնար բուժում է ստանում, վիճակը խիստ անբավարար է։ Անդրանիկ Մանուկյանը չասաց, թե ինչ հիվանդություն ունի իր պաշտպանյալը։ Նախկին պաշտոնյան, սակայն, գիտակցության է, վերակենդանացման բաժանմունքում չէ։
«Պատրաստվում եմ Ստեփան Գալստյանի խափանման միջոցի փոփոխման հարցով դիմել դատարան», - ասաց պաշտպանը։
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, 2021 թվականի հոկտեմբերի 2-ին Գալստյանին կալանավորելու մասին որոշում էր կայացրել։ Գեներալը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով։