Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել է խուլիգանություն կատարելու համար մեղադրվող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը։ Այս մասին հայտնել են ԲԴԽ-ից։

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով') 3-րդ մասով։

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործով։

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ նախնական տվյալներով 2024թ. հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել դեռևս ինքնությունները չպարզված շուրջ տասնյակ անձանց միջև։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց' զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը, շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել նշված բնակչին։

Նախաքննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակոցի հետք, կրակված պարկուճ և այլ իրեր: Հարցաքննվել են անձինք։

Ձեռքի շրջանում վնասվածք ստացած անձը ճանաչվել է տուժող և հարցաքննվել»:

Կիսվել