Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ կապված Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Վերջին շրջանում համացանցում, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում անտեղի շատ է շահարկվում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը։ Բանն այն է, որ մեր ավագը հեռախոսազրույց է ունեցել հավաքականի գլխավոր մարզչի հետ ու հայտնել, որ չի կարող միանալ հավաքականին, քանի որ իր կարծիքով չի գտնվում լավ մարզավիճակում։ Այդ հանգամանքը հանրությանը բաժանել է մի քանի բանակների՝ նրանց, ովքեր ընդունում են Մխիթարյանի որոշումը, նրանց, ովքեր ինչ-որ ստվերային նպատակներ ունեն, այդ պատճառով աջակցում են Մխիթարյանին ու նրանց, ովքեր անընդունելի են համարում նման քայլը։ Մենք այն կարծիքին ենք, որ այս հարցը ունի հստակ շրջանակ՝ Հենրիխ Մխիթարյան, հավաքականի գլխավոր մարզիչ և ՀՖՖ։ Այդ շրջանակը չպետք է ընդլայնվի։ Իսկ մյուսներն էլ այս իրավիճակը չպետք է օգտագործեն որպես պատրվակ սեփական ամբիցիաները կյանքի կոչելու համար։
Այս ամենը մեզ մտահոգում է, ունենալով Հայաստանի ամենամեծ ֆուտբոլային դպրոցներից մեկը մենք մեր սաներին որպես հաջողակ ֆուտբոլիստի օրինակ ներկայացնում ենք հենց Մխիթարյանին։ Նա միակն ֆուտբոլիստն է անկախ Հայաստանի պատմության ընթացքում, որը ոչ միայն հասել է հաջողության հանդես գալով եվրոպական առաջատար ակումբներում այլև ճանաչելի է դարձրել Հայաստանը, հայ ժողովրդին։ Մխիթարյանը մեր պատանի ֆուտբոլիստների կուռքն է, նրանց շարժառիթը, ուստի նրա հեղինակությունը կասկածի տակ դնելով մենք վտանգում ենք մեր ֆուտբոլի ապագան։
Վստահ ենք, որ Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականի մարզաշապիկով դեռ շատ ուրախալի պահեր է պարգևելու մեզ ու մեր ֆուտբոլասերներին։ Հենրիխն ինչպես հայտնի է պայմանագիր է ստորագրել «Ռոմայի» հետ։ Հաջողություն ենք մաղթում նրան ու վստահություն հայտնում, որ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանով մենք շարունակելու ենք հպարտանալ դեռ երկար տարիներ»,- ասված է «Ուրարտուի» մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել էր միանալ Հայաստանի հավաքականին Ազգերի լիգայի սեպտեմբերին անցկացվելիք հանդիպումների ժամանակ:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հավաստմամբ՝ Մխիթարյանը հրաժարվել է միանալ ազգային թիմին վատ մարզավիճակում գտնվելու պատճառով, սակայն խոստացել է հավաքականին միանալ հոկտեմբերին: