Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը շարունակել է նախորդների ավանդույթը, այն է՝ ընդունել է մի շարք թանկարժեք նվիրատվություններ անհատներից, նախկին պաշտոնյաներից, ՍՊԸ-ներից և միջազգային կառույցներից: Ներկայացնենք, թե ովքեր են հետհեղափոխական Հայաստանում կառավարության առավել շոշափելի նվիրատուները:
Ինչպես գիտենք՝ հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման դեպքով: Մաքսային կոմիտեի նախկին պետը հայտարարել էր Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու մասին և այդպես էլ վարվել էր: Նվիրատվությունից հետո նրա նկատմամբ քրեական գործը կարճվել է:
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, պետությանն էր նվիրել 18,5 միլիոն դոլար: Սարգսյանի նկատմամբ քրեական գործը թեև չի կարճվել , սակայն նրան իրավապահ մարմինները դեռ փնտրում են:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը դիմել էր կառավարությանը՝ ցանկություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը, որի շուկայական արժեքը, նվազագույն գներով գնահատվել է փորձագետի կողմից, մոտ 10 միլիոն դոլար է:
Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը պետությանն էր նվիրաբերել 2 միլիոն դոլար:
Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունից ընդունել 2001 թվականին թողարկված «Տոյոտա (Land Cruiser) 100 4,5i» մակնիշի, 001 LU 05 պետհամարանիշի, JTEHJ09J125036390 նույնականացման համարով, 14.990.000,0 դրամ սկզբնական արժեքով, 4.871.700,0 դրամ մնացորդային արժեքով ավտոմեքենան:
Կառավարությունն ընդունել է նաև որոշում, որով «Կարկոմավտո» ՍՊԸ-ից որպես նվիրատվություն է ընդունվում NISSAN X-TRAIL SV մակնիշի (թողարկման տարեթիվ՝ 2019թ., շարժիչի ծավալ՝ 2,5լ, 170 ձիաուժ) 13.71 մլն դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան: Հիշեցնենք՝այս ՍՊԸ-ն պատկանում Է ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Կարեն Շահմուրադյանին:
2020 թվականի մարտի 5-ին որոշում է կայացվել որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել Գագիկ Ավետիսյան անհատ ձեռնարկատիրոջը պատկանող՝ 2,408.3 հազ. դրամ ընդհանուր արժեքով ստոմատոլոգիական սարքավորումները:
Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Լեռնային շրջաններում էրոզիայի դեմ ինտեգրված պայքարի ծրագրի շրջանակում ձեռք բերված՝ 12 240 000 դրամ արժողությամբ տրանսպորտային միջոցը:
ՀՀ Կառավարությունում ԵԱՏՄ-ից որպես նվիրատվություն ստացած TOYOTA Land Cruiser Prado մակնիշի 4 շքեղ ջիփ-ամենագնացներն էլ՝ (յուրաքանչյուրի արժեքը՝ շուրջ 70.000 դոլար) ըստ լրատվամիջոցներիներքին համաձայնությամբ մեջ-մեջ են արել փոխվարչապետի և նրա հովանավորյալի կոմֆորտն ապահովելու համար և թույլ չեն տվել, որպեսզի դրանք ծառայեն իրենց նպատակին։
Թանկարժեք նվերների հանդեպ թուլությամբ աչքի է ընկնում ոչ միան կառավարությունը: Դեռ նախորդ տարի հայտնի դարձավ, որ մի շարք ընկերություններ Երևանի քաղաքապետարանին աղբահան մեքենաներ են նվիրել։ Նվիրատուների ցանկում էին «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ն, Սարգիս Խուրշուդյանը և Հայրապետ Հովհաննիսյանը, «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ–ն, ՀՀ–ում Չինաստանի դեսպանությունը, «Էյչ բի Էմ գրուպը»։ Փաստացի, քաղաքապետարանին ընկերությունները մեքենաները նվիրել են շինարարական թույլտվություն ստանալու դիմաց։