Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը համամիտ չէ տեսակետի հետ, թե նախարարությունը սկսել է դպրոցները օպտիմալացնելու ծրագիր. «Ես համամիտ չեմ տեսակետի հետ, թե դպրոցներ են օպտիմալացվել: Խոսքը վերաբերում է դպրոցների զարգացման համալիր ծրագրին, որի շրջանակներում թեթև բեռնված դպրոցներում աշակերտների քանակը կավելանա, գերբեռնված դպրոցներում էլ աշակերտների քանակը կնվազի: Խնդրին մոտանալու ենք փուլային տարբերակով«,-այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ արդյո՞ք այդ զարգացման ծրագրի շրջանակներում ուսուցիչներ կկրճատվեն, նախարարը պատասխանեց. «Մենք պլանավորում ենք նոր չափոփոշիչներ նաև ուսուցիչների աշխատավարձերի հետ կապված: Ցանկանում ենք ստեղծել աշխատավարձի բազային չափ, որը կախված չի լինի աշակերտների քանակից, իսկ դպրոցի զարգացման ծրագրի շրջանակներում ոչ մի ուսուցիչ չի կրճատվի, հաստիքների կրճատում չի լինի»,-նշեց նախարարը:
Նախարարը խոսեց նաև Վերջին զանգի ավանդական միջոցառումների և հաճախակի հանդիպող դրամահավաքների մասին՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ դպրոցում դրամահավաքի բացահայտման դեպքում տնօրենը կպատժվի. «|Շատ դեպքերում, երբ մենք գնում ենք դրամահավաքի հետքերով, պարզվում է, որ նման բան չկա, կոլեկտիվ կերպով դա թաքցնում են, ուստի այստեղ մեծ անելիք ունեն նաև լրագրողները. տվեք մեզ տեղեկատվություն, որ որևէ դպրոցում դրամահավաք է եղել, ասացեք մեզ և նախարարությունը տնօրենին խստիվ կպատժի, նույնը վերաբերում է նաև թանկարժեք նվերներին և մյուս շքեղություններին»: