Իսպանիայի արքայական ընտանիքի անդամները չեն կարող ընդունել թանկարժեք նվերներ և օգտվել անվճար ծառայություններից Ֆելիպե VI թագավորի նոր կարգադրության համաձայն: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին' հղում անելով El Pais թերթին:

 

Մասնավորապես, խոսքը վերաբերում է արտոնյալ վարկերին կամ ինքնաթիռների անվճար տոմսերին, ինչպես նաև բոլոր այն նվերներին, որոնք արժեքով «գերազանցում են սովորական, սոցիալական կամ բարեգործական նվերները», ճշտել է թերթը:

 

Այսպիսով, Իսպանիայի ներկայիս թագավորը երբեք չի կարողանա ստանալ այնպիսի նվերներ, ինչպես նրա հայրը՝ Խուան Կառլոսը' «Ֆորտունա» զբոսանավ (10 միլիոն եվրո արժողությամբ) կամ երկու «Ֆեռարի», որոնք 2011 թվականին նրան է նվիրել Արաբական Ամիրայությունների վաչապետը:

 

Թագավորական ընտանիքի համար նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2015 թվականի հունվարի 1-ից: Դրանք կվերաբերեն միայն Խուան Կառլոսին, նրա տիկնոջը՝ դոնյա Սոֆյային, թագավոր Ֆելիպեին, ներկայիս միապետի տիկնոջը՝ Լետիսիային, և նրանց դուստրերին՝ գահառանգ արքայադուստր Լեոնորին և նրա կրտսեր քրոջը՝ արքայադուստր Սոֆյային: