Երևանի ենթակայության մանկապարտեզների 2020 -2021 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Հարգելի համաքաղաքացիներ, գտնվելով «COVID 19» նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ճանապարհին՝ մասամբ վերսկսում ենք նախադպրոցական կրթությունը: 2020 -2021 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզների դռներն այդ օրվանից բաց կլինեն երեխաների համար»,- գրել է Կարապետյանը:
Մամուլի խոսնակը իրազեկել է, որ յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում:
«Առաջնահերթությունը տրվելու է աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային,տվյալ հաստատություն աշխատակցի երեխային: Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է»,- գրել է Կարապետյանը:
Կարևորելով նախադպրոցական կրթությունը, ինչպես նաև ընտանիքներին աջակցելու ցանկությունը՝ Երևանի քաղաքապետարանն ակնկալում է քաղաքացիների ըմբռնումը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նկատառումով պայմանավորված սահմանափակ թվով երեխաների վերընդունման հարցում: