Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «իԳործ» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած սփյուռքահայ 100 մասնագետներն արդեն անցել են աշխատանքի և կից հրապարակել է նրանցից մեկի լուսանկարը:
Լուսանկարում պատկերված երիտասարդ տղայի արտաքին տեսքը քննարկման առարկա դարձավ և հայտնվեց սուր քննադատությունների կենտրոնում: Ըստ Դանիելյանի՝ նա աշխատանքի է անցել Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում՝ որպես մշակույթի բաժնի մասնագետ:
Տեղեկության իսկությունը պարզելու համար ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Սարիգյուղի համայնքապետ Սեյրան Սարիբեկյանի հետ, որը հերքեց տարածված լուրը․ «Մեր համայնքապետարանը մշակույթի բաժին չունի, դա ապատեղեկատվություն է։ Ես խոսել եմ նաև մարզպետարանի հետ, և նման բան չկա։ Նկարում պատկերված տղան գյուղում եղել է անցյալ տարի «Synthposium» փառատոնի շրջանակներում՝ դասընթաց վարելու նպատակով»,- ասաց նա:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Ամալյա Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք 100 մասնագետներին ընտրել են հարցազրույցի միջոցով, և, հետևաբար, տեսել են վերջիններիս. «Գարնանը՝ մարտ-ապրիլ ամիսներին, մենք քննարկել ենք «իԳործ» ծրագիրը, որով սփյուռքահայ 100 մասնագետներ պետք է գան և աշխատեն ՀՀ պետական կառավարման համակարգում: 800 մասնագետներից ընտրված 100-ի հետ անցկացվել են հարցազրույցներ և մենք, մինչև նրանց Հայասատան ժամանելը, տեսել ենք վերջիններիս, բացի այդ, մեր մասնագետները տեղակայված են Երևանի գերատեսչություններում»:
Այսօր, երբ սարիգյուղցիների շրջանում խուճապ է առաջացել, և վերջիններս դիմել են համայնքապետին, հետաքրքրվել լուրերի ճշմարտացիությամբ, «Սարի ֆեստ»-ը ֆեյսբուքյան էջում տեղեկությունը հերքող գրառում է կատարել: Պարզվում է՝ նկարում պատկերված շիկահեր տղան կանադացի DJ Jesse Osborne Lanthier-ն է, որը այցելել էր Հայաստան 2019 թվականի հոկտեմբերին՝ «Synthposium» փառատոնի շրջանակներում։ Նա եղել է Սարիգյուղում՝ դասընթաց վարելու նպատակով։ Նույն ժամանակաշրջանում տարբեր ծրագրերով Սարիգյուղ են այցելել բազմաթիվ այլ մասնագետներ՝ օտար երկրներից, ինչպես նաև Հայաստանի տարբեր անկյուններից։
Ստացվում է՝ նկարում պատկերված տղան իսկապես եղել է Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում, սակայն ոչ «իԳործ» ծրագրի շրջանակներում:
Արփինե Հակոբյան