Երեկ՝ կեսգիշերին, Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվեց մի տեսանյութ, որում մի խումբ զինվորներ ու կամավորականներ դիրքերից հայհոյանքներ, սպառնալիքներ եւ քաղաքական բովանդակության հայտարարություններ էին հնչեցնում Հանրապետության հրապարակում տխրահռչակ փաստաթղթին դեմ արտահայտվող հանրահավաք իրականացնող քաղաքացիների հասցեին:
Թե ինչպես եւ ում թույլտվությամբ էր այդ խնդրահարույց տեսանյութը բարձրացել էկրան, ԼՈՒՐԵՐ.com-ը նախ փորձեց ճշտել քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որտեղից մեզ պատասխանեցին՝ ռազմական դրության ժամանակ քաղաքապետարանը Երևանում տեղեկատվական 2 էկրան է տեղադրել, որը հոկտեմբերի 10-ին հեռացվել է եւ տեսանյութի ցուցադրման թույլտվության հետ կապված իրենք որևէ իրավասություն չունեն:
Որքան էլ, որ քաղաքապետարանը կապ չուներ այդ տեսանյութի հեռարձակման հետ, այնուամենայնիվ, դրա հեռարձակումից րոպեներ անց այն հեռացվել է էկրանից. «Տեխնիկական վրիպակ է եղել՝ աշխատակիցներից մեկի անուշադրության պատճառով, ինչի հետևանքով այն եթեր է գնացել: Այդ սխալը շատ կարճ ժամանակ անց շտկվել է»,- ասաց տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը:
Մեր այն հարցին, թե այդ դեպքում երբ եւ ինչի համար է հրապարակում տեղադրվել մեծ էկրան, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանը պատասխանեց «Այդ էկրանը արդեն տեղադրվել է կառավարության աշխատակազմի նախաձեռնությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձով պայմանավորված»:
Քանի որ ընդդդիմադիր շրջանակներում քննարկվում է այն տեսակետը, որ դիրքերից արդուկված շորերով եւ կոկիկ տեսք ունեցող զինվորների՝ այս օրերին տարածվող ուղերձների եւ տեսանյութերի տարածումը անձամբ համակարգում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, մենք փորձեցինք նրանից ստանալ այս հարցի պատասխանը: Պատգամավորը, սակայն, հերքեց իր առնչությունը դրան. «Դա իմ ոլորտը չէ, ես որևէ ինֆորմացիա չունեմ այդ տեսանյութի հետ կապված»,- նշեց Հայկ Սարգսյանը, այնուհետև մեզ ուղղորդեց դիմել քաղաքապետարան:
Ստացվում է այնպես, որ կառավարության աշխատակազմի կողմից Հանրապետության հրապարակում տեղադրվում է էկրան, որտեղից ցանկացած պահի կարող են հեռարձակվել տարաբնույթ բովանդակություն ունեցող տեսանյութեր՝ առանց որևէ վերահսկման եւ հնարավոր պատասխանատվության: Կամ գուցե տեսանյութի հայտնվելը էկրաններին այնքան էլ տեխնիկական վրիպակ չէ...
Նշենք, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացարձակ անթույլատրելի, դատապարտելի է համարել Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին երեկ ուշ երեկոյան այն տեսանյութի ցուցադրումը, որը պարունակում է հայհոյանք ու ատելություն եւ պետական կամ հանրային այլ պաշտոն զբաղեցնող անձանցից խստորեն պահանջում է լինել զգոն՝ սեփական արարքներում ու հատկապես հանրային խոսքում:
Հիշեցնենք՝ արդեն երեք օր է Ազատության հրապարակում 17 կուսակցությունների կողմից կազմակերպվել է հանրահավաք՝ ի նշան բողոքի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված տխրահռչակ փաստաթղթի: