Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր մեղադրում Հանրապետայան կուսակցության ներկայացուցիչներին՝ հայրենասիրության պակասի և կապիտալը երկրում չպահելու մեջ: Նա, մասնավորապես, հռետորտական հարց էր տալիս, թե ինչու են Սերժ Սարգսյանի թիմակիցները նախընտրում անշարժ գույք ձեռք բերել արտերկրում, օրինակ՝ Մոնակոյում և ոչ թե Հայաստանի մարզերից որևէ մեկում` այդպիսով խթանելով Հայաստանյան տնտեսության զարգացումը: Գալով իշխանության, սակայն, Փաշինյանը այլևս չի խոսում նման կնճռոտ երևույթների մասին, թերևս այն պատճառով, որ այդ երևույթները, որքան էլ որ զարմանալի է, սակայն առկա են նաև հեղափոխական թիմում:
Դիցուք՝ 2018-ի հոկտեմբերից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա Հորա քաղաքում: Սա Մարությանների առաջին անշարժ գույքը չէ Չեխիայում: Նկատենք, որ Իվա Վլաստիմիլի Մարությանն ազգությամբ չեխ է, Չեխիայի քաղաքացի, այդ երկրի քաղաքացիներ են նաև Երևանի քաղաքապետի 4 անչափահաս զավակները: Հայկ Մարությանն անցյալ տարի լրագրողներին ասել է, որ ինքը ՀՀ քաղաքացի է, Չեխիայի քաղաքացիություն չունի, սակայն այլ ինֆորմացիա չի բացահայտել:
Արարատի կոկորդիլոսասեր մարզպետ Գարիկ Սարգսյանը Ռուսաստանում՝ Մերձմոսկովյան շրջանի Խիմկի քաղաքում, 9.000.000 ռուբլի արժողությամբ բնակարան է ձեռք բերել, դա ավելի քան 120 հազար դոլար է: Եվ այստեղ, իհարկե, հարց է առաջանում՝ ինչպես կարող էր երկու տարում պաշտոնյայի արդար վարձատրությամբ ապրող Գարիկ Սարգսյանը կարողացել նման գումար վաստակել:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը 2018-ի հայտարարագրում ներկայացրել էր երեք բնակարան, որոնք հասցեները, ըստ նախորդ կանոնակարգի, նշված չեն եղել, 2019-ի հայտարարագրում պատգամավորը նշել է հինգ բնակարան, որից միայն Բաթումի երկրորդ բնակարանն է ձեռք բերել 2019-ին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, ով երեկ հայտնեց մանդատը վայր դնելու մտադրության մասին, նույնպես հասցրել է այս ընթացքում անշարժ գույք ձեռք բերել Վրաստանում և Խետաֆեում:
2019-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով Իսրայելում ՀՀ դեսպան նշանակված Արմեն Սմբատյանը անշարժ գույք է ձեռք բերել Մոսկվայում և Դուբայում:
Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը անշարժ գույք ունի ԱՄՆ Գլենդել քաղաքում, որը սակայն զլացել է ներառել իր տարեկան հայտարարագրի մեջ:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են հեղափոխությունից հետո հեղափոխական պաշտոնյաները ձգտում տնավորվել արտասահմանում: Իսկ գուցե նրանց կերտած Նոր Հայաստանում ամեն բան այնքան աննախադեպ է և հրաշալի, որ վերջիններս արդեն իսկ աչքի տակ ունեն արտագաղթելու հեռանկարը, և դա է պատճառը, որ մեկը մյուսի հետևից անշարժ գույք են ձեռք բերում արտերկրում՝ արտերկրի մեր հայրենակիցներին էլ այդ ընթացքում կոչեր հղելով գալ և բնակվել, ներդրումներ անել հայրենիքում: Եվ սա սոցիալական ծանր բեռի տակ կքած, աղքատությունը ուղեղում հաղթահարելուն դատապարտված շարքային քաղաքացիների խնդիրների ֆոնին, երբ օրվա հաց գտնելը դարձել է անլուծելի հարց շատերի համար, իսկ նույն թավշյա պաշտոնյաները մատը մատին էլ չեն խփում ժողովրդի բեռը թեթևացնելու համար: Այն նույն ժողովրդի, որի օգնությամբ եկան իշխանության` խոստանալով լավ ապագա: Ինչպես երևում է, լավ ապագան թավշյա պաշտոնյաները հաջողացնում են ապահովել միայն իրենք իրենց համար, և արդեն իսկ պարզ է, թե ում կյանքն է իրականում փոխել 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը...