«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Արաբահմյանն իր խմբագրականում գրում է. «Արտասահմանում, մասնավորապես՝ Եվրոպայում մարդիկ մեզ հաճախ հարցնում են՝ ո՞ր երկրից եք դուք։ Շատերը կան, որոնց «Արմենիա» բառը ոչինչ չի ասում։ Մի մասն էլ, հավանաբար, ինչ-որ բան հիշելով, ասում են՝ «A, Russia!»:
Արժե՞ բացատրել, որ մենք հանրապետություն ենք, որը ժամանակին Խորհրդային Միության կազմում էր, իսկ հիմա իրավաբանորեն անկախ երկիր է։ Թե՞... այլևս չարժե։ Մանավանդ որ՝ շարքային եվրոպացուն այդ պատմությունն առանձնապես չի հուզում։ Աովորական մարդուն պետք է մի երևույթ, մի անուն, մի ապրանք, որը տվյալ երկրի միջազգային «բրենդն» է, որով նա այդ երկիրը կճանաչի։ Դա այնքան էլ հեշտ գործ չէ։ Ես, օրինակ, կդժվարանամ հիշել այդպիսի մի բրենդային երևույթ, ենթադրենք, Սլովենիայի կամ Խորվաթիայի վերաբերյալ։ Ինձ համար նրանք առաջին հերթին «նախկին Հարավսլավիա» են, ինչը, իհարկե, լավագույնս չի բնութագրում այդ հրաշալի երկրները։
Երբ մի ֆրանսուհի ինձ հարցրեց, թե որտեղից եմ ես, փորձեցի մոտենալ այլ կողմից, խոսեցի Շառլ Ազնավուրի մասին։ Զրուցակիցս անմիջապես արձագանքեց. նա, իհարկե, գիտեր Ազնավուրին և գիտեր, որ նա հայ է, բայց չգիտեր, թե որտեղ է գտնվում Հայաստանը։ Իսկ, օրինակ, ճապոնացուն (կրթված, զարգացած) Շառլ Ազնավուրի անունը ոչինչ չէր ասում...»։
Մանրամասները` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում: