Դեկտեմբերի 5-ին Հայաստանի մի շարք քաղաքներում' այդ թվում Ջերմուկում, տեղի են ունենալու համայնքի ավագանու ընտրություններ: Ջերմուկում պայքարը ընթանալու է երեք քաղաքական ուժերի միջև:
Դիցուք՝ իշխող ՔՊ-ն Ջերմուկում առաջադրել է Վահագն Արսենյանի թեկնածությունը: Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է։ ՔՊ-ի համար խոչընդոտ չհանդիսացավ անգամ այն հանգամանքը, որ Վահագն Արսենյանի դեմ հարուցված քրեական գործը ընդամենը ամիսներ առաջ է կարճվել, թե ինչու՝ հանրությանը, իհարկե, չեն տեղեկացրել:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2019-ի հուլիսին ավելի վաղ հարուցված քրեական գործի հատկանիշներով Վահագն Արսենյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով' զինվորական ծառայության զորակոչից խուսափում' փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով: Դեկտեմբերի 9-ին որոշում էր կայացվել Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:
«Ապրելու երկիր» կուսակցությունը Ջերմուկում առաջադրել է Սյուզաննա Հովհաննիսյանի թեկնածությունը: Վերջինիս մասին հանրության լայն շերտերին շատ բան հայտնի չէ: 2013-2018թթ․ աշխատել է «Ջերմուկի երիտասարդական կենտրոն» ՀՈԱԿ-ում' որպես տնօրեն, իրականացրել է համայնքային զարգացման շուրջ 40 ծրագրեր։ 2019-2020թթ․ աշխատել է Ջերմուկի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցում' որպես երիտասարդության ոլորտի մասնագետ։ 2016թ․ հանդիսանում է «Համայնքային նախաձեռնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ։ 2017թ․ ՄԱԿ-ի «Համայնքը ես եմ» երիտասարդական ակումբի անդամ է։ 2020թ․ հուլիսից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից երիտասարդների, կանանց զբաղվածության հարցերով խորհրդի անդամ է։
«Մեր» դաշինքը, որը կազմված է ՀՅԴ և Համերաշխություն կուսակցություններից, նույնպես կպայքարի Ջերմուկի ղեկավարի պաշտոնի համար: Դաշինքի ցուցակը գլխավորում է Ազատ Հովակիմյանը, ով վերջին 20 տարիների ընթացքում ավագանու անդամ է եղել, աչքի է ընկել Ամուլսարի հանքի շահագործման դեմ իր հայացքներով: 2014 թվականին նա նույնիսկ մասնակցել է քաղաքապետի ընտրություններին, սակայն ընտրապայքարի կեսից ինքնաբացարկ է ներկայացրել: