Դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերում, այդ թվում Հրազդանում, սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Այստեղ ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Հրազդանում գործող քաղաքապետ Սևակ Միքայելյանն է՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդին: Նա 2010-2014 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «ապահովագրական գործ» բաժինը։ 2017 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի մասնաճյուղի «Չ» տեղամասում՝ որպես ճարտարագետ։ Ամուսնացած չէ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն Արշավիր Խաչատրյանն է: Վերջինս 1985-1987 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, որից հետո շարունակել է կրթությունը և 1991 թվականին, ավարտելով Երևանի ճարտարապետա-շինարարական ինստիտուտը, ստացել ինժեներ-շինարարի որակավորում: 1999 թվականին ՀՀ Կոտայքի մարզպետի հրավերով տեղափոխվել է աշխատանքի մարզպետարան, որտեղ աշխատել է մինչև 2015 թվականը. նախ՝ որպես մարզպետի խորհրդական, հետագայում՝ Ջրային տնտեսության և ենթակառուցվածքների բաժնի պետ, իսկ 2014-2015 թվականներին՝ Քաղաքաշինության վարչության պետ: 2015-ին, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից և անցել աշխատանքի իր կողմից հիմնադրված «ԱՆՆԱՐ» ՍՊԸ-ում. նախ՝ որպես գլխավոր ճարտարագետ, իսկ 2018-ից՝ որպես տնօրեն:
«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն Մոնթե Մաթևոսյանն է: Նա 2014-2018 թվականներին գերազանցությամբ ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի բակալավրիատը, իսկ 2018-2020 թվականներին՝ նույն ամբիոնի մագիստրատուրան։ 2019 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունիս 4-ն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տեղեկատվական և վերլուծական բաժնում՝ որպես մեդիայի վերլուծաբան: 2021 թվականի սեպտեմբերից մինչ օրս ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների պահպանության տարածքային գործունեության համակարգման բաժնի ավագ մասնագետն է:
«Հայ Յեղափոխական Դաշնակցության» թեկնածուն փաստաբան Վարդան Գևորգյանն է: Նա ծնունդով Հրազդանից է: 1991-1996 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում: Ամուսնացած է: